«Անծանոթուհուն»

«Անծանոթուհուն»

Ես մտածում եմ.
ԿԱնցնի մի շաբաթ,
Ու ես վերստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջին անգամ,
եվ մի – երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:

Կտեսնեմ նրան
Ու կասեմ դու-ով.

-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ,
Անվերջ – անդադար ժպտացել:
Ինչու:

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,
Ի~նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե°լ ևս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկիդ,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովով:

Ես նո°ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագնդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,
Ինչ էլ որ ասեսէ
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ դու-ով:

Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե, անունդ ասա…

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում