Ժամանակն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջ տա էմոցիոնալ պայքարին

«Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ութ պաշտոն է պահանջում. ով տեղյակ է երկրի սահմանադրությանը, մի բան պետք է պատկերացնի՝ հնարավոր չէ, որ բյուջեի եկամտային մասը կատարի ընդդիմությունը, ծախսային մասը ընդդիմությունը: Սա անհնար է, նման բան չի կարող լինել որևէ երկրում», – այս մասին ապրիլի 4-ին «Ուրվագիծ» հաղորդմանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել Արթուր Բաղդասարյանը:

Վերջինիս կարծիքով’ արդեն վաղուց ժամանակն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջ տա էմոցիոնալ պայքարին և պայքարը շարունակի Երևանի ավագանու ընտրություններում:

«Չի կարելի առավոտյան մի բան ասել, իսկ կեսօրին մեկ այլ բան և երեկոյան միանգամայն այլ բան հայտարարել: Էդպես չի լինում: Իրարամերժ գնահատականները չեն կարող բերել քաղաքական կոնսոլիդացիայի»,-այս մասին հայտնեց Արթուր Բաղդասարյանը’ Րաֆֆիի ուղերձը իրարամերժ ու հակասական համարելով:

Բաղդասարյանը մատնանշել է իրավիճակի զարգացումների երեք հնարավոր սցենար՝ առաջինը նրա խոսքով, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մնում է Ազատության հրապարակում ու շարունակում է իր այս պայքարը, նույն հայտարարությունները հնչեցնելով և այլն:

Երկրորդ սցենարով, Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ ընդդիմություն, ակտիվորեն աշխատում է խորհրդարանում և դրան զուգահեռ հրապարակային հանրահավաքներ կազմակերպում:
Երրորդ սցենարն ըստ Բաղդասարյանի այն է, որ Հովհաննիսյանը քաղաքական համաձայնություն է ձեռք բերում գործող իշխանության հետ և կազմում է կոալիցիա ու ներգրավում պետական կառավարման համակարգում:
Ըստ ՕԵԿ առաջնորդի’ Սերժ Սարգսյանն արդեն բոլոր հնարավոր քայլերն կատարել է, հիմա Րաֆֆի Հովհաննիսյանի հերթն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում