«Ժողովուրդ». Բենզին ներկրող «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը լուծարվում է

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ բենզինի և դիզվառելիքի խոշոր ներկրող և վաճառող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկությունները ճշտելու համար թերթը դիմել է «Սիթի պետրոլ Գրուպ» ընկերություն, որտեղից հաստատել են փաստը: 

Ընկերության հաշվապահը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել: Նշենք, որ «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը ժամանակին բենզինի շուկայում գերիշխող դիրք է զբաղեցրել, որի չարաշահման համար նույնիսկ 2012-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 100 մլ դրամի չափով տուգանվել է:

Ըստ որոշ տեղեկությունների՝ հենց ՏՄՊՊՀ-ի 100 մլն դրամ տուգանքն էլ դարձել է ընկերության սնանկացման, ապա լուծարման պատճառ: Հիշեցնենք, որ 2008-ին ստեղծված «Սիթի պետրոլ Գրուպ» ընկերությունը տևական ժամանակ նույնիսկ եղել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Ընկերության հիմնադիրը Աշոտ Սալազարյանն էր. Շատերին անծանոթ անուն, բայց նրանց հաջողվում էր մրցույթի միջոցով դառնալ պետական մարմինների բենզինի մատակարար: Հիմա սնանկացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում