Քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության եզրակացությանը Փակ շուկայի վերաբերյալ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը սպասում է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եզրակացությանը Փակ շուկայում ընթացող շինարարության վերաբերյալ:

«Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որպես լիազորված մարմին, պետք է եզրակացության տա շուկայում հետագա աշխատանքները շարունակելու վերաբերալ: Քաղաքապետարանը սպասում է այդ եզրակացությանը: Ինչպիսին կլինի լիազորված մարմնի եզրակացությունն ու առաջարկը, ըստ այդմ էլ կքննարկվի հետագա նախագծերը»,- մանրամասնեց փոխքաղաքապետը:

Նա նաև հիշեցրեց, որ Փակ շուկայում իրականացվող աշխատանքների համար քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն հիմքերի ամրացման, ստորգետնյա հատվածի կառուցման համար, որի վերաբերյալ ի սկզբանե եղել է մշակույթի նախարարության դրական եզրակացությունը:

Սակայն սեփականատերը, կառուցապատողը, ըստ Կ. Արեյանի, դուրս է եկել այդ աշխատանքների շրջանականերից, որից համար երկու անգամ քաղաքապետի որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում