Վարչապետը հանձնարարականներ է տալիս Արարատի մարզպետին

Հանրապետությունում ներդրվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների բացմամբ կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները: Այդ մասին Արարատի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կենտրոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ծանոթացավ կենտրոնում իրականցված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Կառավարության ղեկավարը եղավ նաև Մասիսում արդեն գործող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում: Այստեղ պատասխանելով վարչապետի հարցին՝ նշեցին, որ քաղաքում ընդհանուր առմամբ գրանցված է 700 մարդ, ովքեր չունեն աշխատանք:
Նշվեց, որ դեռ խորհրդային տարիներից Մասիսում կա պահածոների գործարան՝ 1200 աշխատողներով, որը ներկայում, սակայն, չի գործում: Վարչապետը հանձնարարեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին ներկայացնել գործարանի խնդիրը: «Այսինքն, միայն այդ գործարանի գործարկմամբ հնարավոր կլինի լուծել Մասիսում առկա աշխատատեղերի խնդիրը: Հարցն անպայման կքննարկվի»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ սոցիալական այլ ծառայությունների մատուցման և սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները’ համայնքային սոցիալական աշխատողների միջոցով:

«Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը’ հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը»,- ասաց նախարարը:

Այդ նպատակով հանրապետությունում նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում