«Մայրիկ, հիվանդ եմ»
Նմանատիպ
Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված.
Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը
Արնոտ ու խոցոտ:
Մի՞թե կարող ես վերքերըս բուժել,
Որ տիեզերքի հըսկա վերքերի
կաթիլներիցն են:
Մայրի՛կ, հիվանդ եմ երկընքի ցավով.
Տե՛ս, ի՜նչպես դառըն երգում եմ երգեր
Անհուն վըշտերի, տանջված մըտքերի.
Մի՞թե կարող ես երգերս մարել,
Որ տիեզերքի հսկա վերքերի
Ցավն ու կըսկիծն են…
Ա՜խ, թո՛ղ, մայրիկ իմ, վերքերս վառվին,
Թո՛ղ ես մըրմընջամ, անհույս մորմոքին.—
Ա՜խ, դու չե՛ս կարող խեղճ որդուդ կյանք տալ,
Ափսո՜ս, չես կարող բոցը արևի,
Շողքը աստղերի, թափը կայծակի
Հոգուս մեջ ձըգել — կյանք տալ իմ կյանքին:
Երբեք չե՛ս կարող ջնջել ու փըշրել
Երկինք ու երկիր — իմ մեծ վերքերը
Արնոտ ու խոցոտ…
Մայրի՛կ, իմ մայրի՛կ,
Թո՛ղ ես թափառեմ երկրի ոլորտում,
Ամբոխի վըրա, ուրվականի պես.
Ճակտիս՝ կընճիռներ,
Ձանձրույթը՝ շըրթնիս.
Մենակ ու մռայլ թափառեմ խոժոռ,
Որպեսզի միտքըս էլ անդո՛ւլ թափառե
Մինչ տիեզերքի հեռո՜ւ եզերքը —
Ա՜խ, հեռո՜ւ եզերք, որ չըկա՜… չըկա՜…
Թո՛ղ միայն այնտեղ – աստղերի ցանցում
Լսեմ լռության խո՛ր, մե՛ծ երգերը:
Եվ ես մըտատանջ, հըպարտ ու մենակ
Արտասվեմ լըռիկ ու հավերժ խորհեմ,
Ու հավերժ խոկամ:
— …Մայրի՛կ, հիվանդ եմ…
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում