Շահագործման կհանձնվեն նոր բնակարաններ վթարային շենքերի բնակիչներին. Քաղաքապետարան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ասաց, որ այս տարվա ընթացքում Երևանի համայնքային բյուջեով 23 միլիարդ դրամի բարեկարգման, կանաչապատման, նորոգման, հիմնանորոգման, վերանորգման աշխատանքներ են իրականացվելու: Աշխատանքներ իրականացվելու են Երևանի բոլոր վարչական համայնքներում բոլոր ուղղություններով’ առանց խտրականության’ ապահովելով վարչական շրջանների համաչափ զարգացում:

Փոխքաղաքապետի խոսքով՝ շարունակվելու են բակային տարածքների ասֆալտապատման, արտաքին լուսավորության ցանցի ստեղծման աշխատանները, ստեղծվելու են հանգստի գոտիներ, շահագործման է հանձնվելու 18 ֆուտբոլի դաշտ:

Կ. Արեյանի խոսքով, առանձնակի կարևորության խնդիր է բնակարանային շինարարությունը չորրորդ աստիճանի վթարային շենքերի համար: Այս պահի դրությամբ գույքագրված է անհետաձգելի քանդման ենթակա 10 շենք, որոնցում 485 բնակարան է ներառված: Վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման համար այս տարվա ընթացքում շահագործման կհանձնվի երկու շենք 226 բնակարանով: Փոխքաղաքապետն ասաց, որ ծրագիրը շարունակական է լինելու:

Երևանի քաղաքապետի առաջարկությամբ ու նախաձեռնությամբ առաջին անգամ համայնքային բյուջեում ներառված է թեքահարթակների կառուցման ծրագիրը: 20 միլիոն դրամ է նախատեսված մոտ 196 թեքահարթակ կառուցելու համար:

Այս տարվա ընթացքում Երևանում կառուցվելու է ոռոգման նոր ցանց, ավելանալու են կանաչապատ տարածքները’ սիզամարգերի ծավալները’ 12 հեկտարով, ծաղկազարդ տարածքները’ 1,5 հեկտարով:
Նախադպրոցական 28 ուսումնական հաստատությունների վերանորգման աշխատանքները են ընթանում: Այս տարի կավարտնի նաև մշակութային բոլոր օջախների ջեռուցման ծրագիրը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում