Նախարար Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին
Նմանատիպ
Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, անվտանգության բնագավառում փոխգործակցության սերտացման և մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր։
Մասնավորապես, արտգործնախարարների խորհրդի կողմից հավանություն տրվեց ԱՊՀ երկրների միջև բարձրագույն և բարձրագույն մասնագիտական կրթության մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին 1997թ. համաձայնագրի արդիականացման, մինչև 2020թ. ԱՊՀ երկրներում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման Ռազմավարության 2013-2015թթ. միջոցառումների ծրագրին, ինչպես նաև 2014թ. ԱՊՀ-ում տուրիզմի տարի հայտարարելու վերաբերյալ որոշումների նախագծերին։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարի Հայեցակարգի նախագիծը, ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների միջև համագործակցության Համաձայնագրի նախագիծը, ինչպես նաև անդամ երկրների հարկային (ֆինանսական) քննչական մարմինների ղեկավարների փոխգործակցության համակարգման խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունների հետ կապված հարցեր։
Նախարարական խորհրդի օրակարգում էին նաև ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր մակարդակներով խորհրդակցությունների 2013թ. ծրագիրը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների հյուպատոսական ծառայությունների Խորհրդատվական խորհրդի կանոնադրության նախագծի քննարկումը։
Տաշքենդում Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպում ունեցավ իր Ուզբեկստանի գործընկերոջը՝ Աբդուլազիզ Կամինովին։
Նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և արձանագրեցին, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման համար։
Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախաձեռնել համապատասխան քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա ակտիվացնել առևտրատնտեսական կապերը, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, խթանել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և զարգացնել մշակութային փոխանակումները։
Ուզբեկստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ նախարար Նալբանդյանի և Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաևի հանդիպումը, որի ժամանակ հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ամրապնդման, բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը և քննարկվելիք հարցերը, կազմակերպության գործունեության ոլորտներին և ուղղություններին առնչվող տարբեր հարցեր։
Երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում