«Ցաված սիրտըս երգեր հյուսեց»

Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:

Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:

Անցան օրեր — եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:

Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, —
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում