Տիգրան Սարգսյան` վիրտուալ Հայաստանի վարչապետ

«168 ժամը» գրում է. «Այսօր ժամը 15:00-ին ՀՀԿ գրասենյակում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամներին է ներկայացնելու իր ղեկավարած կառավարության հնգամյա գործունեության արդյունքները: Ապրիլի 9-ին կառավարության լիազորություններն ավարտվում են: Կառավարության անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև նոր կառավարության կազմավորումը: Սա լինելու է վարչապետի և կառավարության հաշվետվությունը, որի ժամանակ կոնկրետ թվերով և փաստերով ներկայացվելու է, թե ինչպիսի հսկայական առաջընթաց է գրանցել Հայաստանը Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեության արդյունքում: Պարզ է, որ հաշվետվությունը միայն հիացմունք և հպարտություն է առաջացնելու ՀՀԿ վերնախավի շրջանում, և նրանց մոտ ձևավորվելու է ներքին համոզմունք, որ Տիգրան Սարգսյանն անպայման պետք է վերանշանակվի վարչապետ, քանի որ Հայաստանի առաջընթացը չի կարելի կասեցնել: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ով ներկա է լինելու այս հաշվետվությանը, իր կուսակիցների ընդհանրական կարծիքը հաշվի առնելով, ըստ երևույթին, իր երդմնակալությունից հետո Տիգրան Սարգսյանին կրկին առաջարկելու է կառավարություն ձևավորել:

Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության գործունեությունից իրականում դժգոհ են թե ընդդիմությունը, թե իշխանությունները: Հասարակության մասին նույնիսկ չենք խոսում, քանի որ յուրաքանչյուր մարդ այդ կառավարության գործունեության «փայլուն» արդյունքները 5 տարի շարունակ զգացել է իր մաշկի վրա: Իսկ այդ գործունեությունը հիմանականում ծավալվել է ոչ թե իրական, այլ վիրտուալ Հայաստանում: Առաջին հայացքից թվում է, որ Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու ցանկությունը ՀՀԿ-ինն է, սակայն կարծում ենք, որ այս պաշտոնում նրան վերանշանակելու գործում մեծ ավանդ ունեն քաղաքական այն ուժերը, որոնց թիրախում էլ մշտապես գտնվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ այդ ուժերը ևս գործնականում ուժեղ են միայն վիրտուալ դաշտում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում