Մենք դեռ ժամանակ ունենք. կորոշենք մասնակցել Ս. Սարգսյանի երդմնակալությանը թե ոչ.Ստեփան Մարգարյան

«Քաղաքականացվեց այս հարցը, մենք որոշում չունենք, դե, ի վերջո, դեռ ժամանակ կա»,-այս մասին tert.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն, անդրադառնալով այն հարցին թե արդյոք ԲՀԿ-ն մասնակցելու է ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

«Ազգային ժողովի նիստ է, այստեղ որևէ քաղաքական բան չեմ տեսնում: Հարկ եղած դեպքում երկուշաբթի օրը կքննարկենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում շրջանառվում է այն լուրը, որ Գագիկ Ծառուկյանը խստիվ հրահանգել է կուսակցության անդամներին, որ իրենցից որևէ մեկը հանկարծ չփորձի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի ապրիլի 9 -ի երդմնակալության «արարողությանը», երթին և կամ միտինգին:

Ստեփան Մարգարյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում ու ավելացրեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ-ականներից ո՞վ էր գնալու որ… առաջին անգամ եմ լսում: Այդպիսի հարց, որպես այդպիսին, չի էլ եղել, չի բարձրացվել, որ արգելվեր կամ չարգելվեր»:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին շրջանում «մեսիջներ» է հղում տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին:

Իսկ օրերս Վանաձորի հրապարակում հրավիրված հանրահավաքին բառացիրեն ասաց. «Կզանգեմ ցանկացած հեռախոսի համարով, միայն թե իմ հետևից չբամբասեք, «ժուչոկ» չծառայեք: Հովհաննիսյան Վահե, պարոն Ծառուկյան, ով անկեղծ է, Հրանտ, Լևոն, բոլորս միասին թող գանք «մեյդան», հրապարակ։ Եթե ձեզ համար թագավոր է Սերժը, պարոն Ծառուկյան կամ պարոն Մարգարյան, ձեր գործն է, ինձ համար թագավոր է օրենքը, իրավունքը, Հայաստանի Հանրապետությունը և մեր երեխաների ապագան»:

Իսկ ավելի վաղ նա, անանուն, ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են ասել, որ ժողովրդի կողքին են, թող գան ու կանգնեն ժողովրդի կողքին:

Ի պատասխան այս հարցադրման՝ ԲՀԿ-ական պատգամավորը հարցով պատասխանեց. «Բայց Ծառուկյանը ե՞րբ է ժողովրդից հեռացել որ»,- ապա ավելացրեց. «Եթե մենք անհրաժեշտությունը գտնենք հրապարակում ինքներս կհավաքենք ժողովուրդ և կողքին կկանգնենք և կքայլենք իրենց հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում