ՀՀ և ԼՂՀ պետական խորհրդանիշերից պակասում են ջրային պաշարները. Դ. Բաբայան

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ասաց, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պետական խորհրդանիշների վրա անհրաժեշտ է նաեւ ջրային պաշարների մասին ամրագրել:

Նա նշեց, որ Քարվաճառի շրջանը ջրային դոնոր է, քանի որ Հայաստանի եւ Արցախի ջրային պաշարների մեծ մասն այդտեղից է սկիզբ առնում: Բաբայանը, ջրային պաշարների կարեւորությունը հաշվի առնելով, առաջարկում է խորհրդանիշների վրա պատկերել նաեւ դա’ որպես կենարար հեղուկ: Տարբեր պետություններ իրենց ազգային խորհրդանիշերի վրա դրա մասին ինչ-որ կերպ արձանագրում են, օրինակ, որոշ պետությունների խորհրդանիշների վրա Նեղոսն է պատկերված:

«Հայաստանի եւ Արցախի դրոշների վրա ունենք կապույտ գույնը, բայց դժբախտաբար այնտեղ ամրագրված չէ նաեւ մեր ջրային պաշարների մասին: Կապույտ գույնի բացատրության տակ գրված է «հայ ժողովրդի ձգտումը ապրել խաղաղ երկնքի տակ»: Իմ կարծիքով, շատ լավ կլիներ մեկ ստորակետ ավելացնել եւ խաղաղ երկնքից հետո գրել նաեւ հայ ժողովրդի ջրային պաշարների մասին ինչ-որ տեղեկություն»,- առաջարկեց Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում