Սկսեցին ծիրանագույն հեղափոխությունից, եկան բարևի հեղափոխության, հիմա էլ նոր Հայաստանի. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ «որեւէ խնդիր չի տեսնում» ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքի հետ:

ՀՀԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Իրենք սկսեցին ծիրանագույն հեղափոխությունից, եկան բարևի հեղափոխություն, նոր Հայաստանի… ինչ-որ մի պահ կարող է լինել ավելի նոր Հայաստանի կամ Րաֆֆիի Հայաստանի հեղափոխություն: Որեւէ խնդիր չեմ տեսնում հանրահավաքի կամ իրենց միջոցառումների մեջ, բայց բովանդակային եւ հեռուն տանող որեւէ քայլ չեմ տեսնում:

Ո՞ւմ նախագահն են կարգելու: Լավ ասենք նախագահ հռչակեցին, կարգեցին:  Լավ, հազար հոգի գոռացին’ «Րաֆֆի, նախագահ», տրամաբանություն չկա, իմաստ գոյություն չունի: Հո ծուռ հայելիների թագավորությունը չէ՞…

Այն չունի իրավական հետեւանք, չունի ապագա, չունի հաջորդական քայլ, որը բովանդակության մեջ կլինի: Եթե կարգեն նախագահ, դրա հաջորդ քայլը պետք է լինի այն, որ իր հրամաններով իշխանությունը պետք է վերցնեն, իշխանական որոշակի գործառույթներ իրականացնեն եւ այլն: Դա արդեն իշխանության ուզուրպացիա է, զավթում է, դրանք քրեական օրենսգրքի հատկանիշներ են:

Սա այլ հարթության խոսակցություն է, ես չեմ ուզում նույնիսկ մտովի տեղափոխվել այս հարթություն, եւ վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի ուզում մտնել այդ տիրույթ, որովհետեւ այնտեղ որեւէ լավ բան չկա’ հատկապես իր համար»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում