Պրոֆեսոր Թերզյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացու մեդալը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ելույթ ունենալով հանձնման արարողությունից առաջ՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը խոսեց Հայաստանի զարգացման ծրագրերում hիմնադրամի ունեցած դերակատարման մասին եւ նշեց, որ ՀՀ Նախագահը եւ կառավարությունը մեծապես կարեւորում են հայ ազգային գիտական ներուժի, նորամուծությունների օգտագործումը, որոնք կարող են Հայաստանը մղել դեպի տնտեսական, գիտական եւ կրթական բարձր մակարդակներ՝ նոր թափ հաղորդելով երկրի կայուն զարգացմանը:

Դեսպանը նաեւ անդրադարձավ տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման բնագավառում հայ գիտնականների ու համաշխարհային հանրահայտ կենտրոնների միջեւ ծավալված համագործակցությանն ու նշեց, որ այդ գործընթացի, ինչպես նաեւ միջազգային գիտական այլ փոխանակումների հաջողության գրավականներից է պրոֆեսոր Թերզյանի եւ հիմնադրամի մյուս նվիրյալ անդամների ու իրենց հայաստանաբնակ գործընկերների միջեւ գիտական հարցերի շուրջ երկխոսության, ինչպես նաեւ դրամաշնորհների ու մրցույթների միջոցով երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների համար խրախուսման եւ աջակցության ծրագրերի շարունակականությունը:

Երեկոյին ներկա էին ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Կարնեգի կորպորացիայի նախագահ՝ Վարդան Գրիգորյանը, Բոստոնի համալսարանի պատվավոր նախագահ պրոֆ. Լեւոն Չոբանյանը, «Տավիտյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիտյանը, հայ եւ օտար գիտնականներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամը (The Armenian National Science and Education Fund) գործում է ՆյուՅորքում՝Հայ օգնության հիմնադրամի հովանու ներքո: Հիմնադրամը ֆինանսական եւ նյութական միջոցների տրամադրման ճանապարհով նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին եւ ակադեմիական աշխատանքներին, խրախուսում գիտական եւ ինտելեկտուալ կարողությունների բարձրացմանը՝ հայ եւ օտար գիտնականների միջեւ համագործակցության եւ միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում