Տարոն Մարգարյանը դիմել է մայրաքաղաքի բնակիչներին

Սիրելի՛ երևանցիներ,

Չորս տարի առաջ, ստանալով Ձեր վստահության քվեն, Երևանի պատմության մեջ միասին բացեցինք նոր էջ’ մեկնարկ տալով աննախադեպ և բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը: Արված աշխատանքներն, անշուշտ, մեծ ծավալ են կազմում, և մեր հարազատ քաղաքում առկա են բազմաթիվ դրական փոփոխություններ:

Վերջին տարիները փաստում են, որ նպատակասլաց լինելու և համատեղ ջանքեր գործադրելու արդյունքում մենք միասին շոշափելի առաջընթաց ենք արձանագրել’ մեր հնամենի ու նորօրյա քաղաքին հաղորդելով նոր որակ, նոր ոճ ու նոր լիցքեր:

Կանոնակարգվել և զարգացում են ապրում համայնքային կյանքի բոլոր ոլորտները՝ բարեկարգման, կանաչապատման, կոմունալ, սոցիալական, մշակույթի, տուրիզմի, կրթության, սպորտի և այլն:

Մենք ունենք լավ քաղաք, ԼԱՎ ԵՐԵՎԱՆ’ սիրված ոչ միայն երևանցիների, այլև համայն հայության կողմից:

Նոր անելիքնե՞ր: Անպայման:

Մեր քաղաքը մեր տունն է: Այստեղ ենք իրականացնելու նորանոր ծրագրեր’ առավել բարելավելու յուրաքանչյուրի կենցաղն ու ստեղծելու մայրաքաղաքային լիարժեք մթնոլորտ:

Արդեն կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը:

Այս հավատով ենք ներկայացնում Ձեզ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ ունենալու համար անհրաժեշտ մեր ծրագիրն ու հետագա քայլերը:

Բոլորիս հույսերի ու հույզերի, մեր սրտի մայրաքաղաք Երևանը թևակոխում է զարգացման և կայուն հեռանկարի մի նոր փուլ:

Եվ այս փուլում ևս Ձեր վստահության կարիքն ունենք:

Մենք պատրաստակամ ենք շարունակելու ամեն դրականն ու լավը’ բոլորիս համար ստեղծելով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ, ավելի մաքուր, ավելի կանաչ, ավելի լուսավոր, ավելի անվտանգ, ավելի գեղեցիկ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ:

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում