Միայն ակտիվ քարոզարշավով մենք կարող ենք մեկ անգամ եւս ներկայանալ երեւանցուն. Վահագն Խաչատրյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներն ապրիլի 7-ին Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում քննարկեցին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հետ կապված կազմակերպչական հարցեր:

ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ նախընտրական գործընթացում օգտագործվելու են քարոզարշավ վարելու բոլոր հնարավոր միջոցները: «Միայն ու միայն ակտիվ քարոզարշավով մենք կարող ենք մեկ անգամ եւս ներկայանալ երեւանցուն եւ ներկայացնել մեր կազմած ծրագրերը»,- ասաց Խաչատրյանը: Նա ներկայացրեց իր ցանկությունը` Երեւանը դարձնել շատ հարմար քաղաք բոլոր առումներով՝ «կանաչ, մաքուր եւ ժպտացող մարդկանցով լեցուն»:

ՀԱԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանն ասաց, որ ապրիլի 7-ի հավաքի ժամանակ հստակեցվել են ընտրական հանձնաժողովի անդամների անելիքները, քննարկվել են հաջորդ շաբաթ անցկացվելիք ՀԱԿ համագումարի եւ քարոզչությամ հետ կապված հարցեր:

«Մենք պետք է աշխատենք հնարավորին չափ կարգավորված եւ կազմակերպված`գնալու առաջ, որովհետեւ ժամանակը քիչ է, իսկ աշխատանքներն ահավոր շատ: Այսօր մեր թիմերը հավաքվել են բանակցելու, այս գեղեցիկ տոնի առթիվ նաեւ միմյանց շնորհավորելու համար»,- ասաց Թադեւոսյանը՝ հավելելով որ «Ժողովրդի իշխանություն» ՀՔ նախաձեռնության քարոզչությունը սկսելու են Ավան վարչական շրջանից ապրիլի 8-ից: Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար:

Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: Քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում