Երևանի կառավարման համակարգը և սոցիալ-տնտեսական քաղաքականությունը. ՀՅԴ
Նմանատիպ
Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 5-րդ հորիզոնականում ներկայացված Արթուր Եղիազարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ներկայացրել է Երևանում առկա առաջնահերթ խնդիրները, որոնք կուսակցությունը կլուծի երևանցիների վստահության քվեն ստանալու դեպքում:
«Սիրելի երևանցիներ,
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները կանխորոշելու են ոչ միայն մայրաքաղաքի, այլև’ Հայաստանի զարգացման հեռանկարը։ Մեր երկրում վճռորոշ, արմատական փոփոխությունների ժամանակն է։ Երևանցիների ժամանակը:
Այս ընտրությունները յուրօրինակ վստահության հանրաքվե է իշխող քաղաքական ուժին։ Քաղաքական մենիշխանության, արատավոր բարքերի, իշխանական ինքնագոհության, ոչ արդյունավետ կառավարման հանդեպ մեր բողոքը ևս մեկ անգամ դրսևորելու ժամանակն է։
Հաղթանակը Երևանում նշանակում է հաղթանակ Հայաստանում։ Երևանը և Հայաստանը նոր դեմքով տեսնելու ցանկությունը շատ արագ իրականություն կդառնա։ Պարզապես պետք է կամք դրսևորել, վճռական լինել և ապացուցել, որ երևանցիները այլևս չեն ուզում այսպես ապրել։
Հաղթարշավը սկսենք Երևանից։ Փոխենք Երևանը՝ վստահ, որ Երևանը փոխելու է Հայաստանը։
Սիրելի համաքաղաքացիներ, Դաշնակցությունը վճռական է։ Մեր ծրագրերը համարձակ են, հավակնոտ, միաժամանակ’ ծանրակշիռ ու իրատեսական։ Մենք խոստումներ չենք շռայլում, մենք լուծումներ ենք առաջարկում։ Մենք գիտենք’ ինչ պետք է անել: Մենք լավ գիտենք Երևանի ու երևանցիների խնդիրները, գիտենք ինչպես լուծել դրանք։
Մենք ունենք թիմ, ունենք կամք’ անելու ավելին, անելու ավելի լավ, քան արվում է։ Համեմատեք Դաշնակցությունն այլ ուժերի հետ և կամոզվեք’ մենք տարբեր ենք, մենք չենք խաբում, չենք դավաճանում:
Սիրելի երևանցիներ,
Մայիսի 5-ին քվեարկեք հանուն փոփոխության։ Քվեարկեք Ձե՛ր ազատության, Ձե՛ր բարեկեցության համար: Քվեարկեք արդարության և Դաշնակցության համար:
Մենք Ձեզ հուսախաբ չենք անելու:
Մեկ անգամ, ա՛յս անգամ վստահեք, Ձեր ձայնը տվեք Դաշնակցությանը»,- գրել է Արթուր Եղիազարյանը:
Երևանցիների վստահության քվեն ակնկալելով’ Դաշնակցությունը ձեռնամուխ է լինելու հետևյալ առաջնահերթ խնդիրների լուծմանը.
Կառավարման համակարգ
1 Ստեղծել Երևանի բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնող ավագանու վերահսկիչ մշտական հանձնաժողով’ ղեկավարումը տալով ընդդիմությանը, ներգրավելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և փորձագետների,
2 Բնակֆոնդի պահպանման, վերակառուցման և սպասարկման միջոցները տրամադրել համատիրությունների միջոցով’ բնակիչների ուղղակի մասնակցությամբ: Համատիրությունները չպետք է իշխանության համար ծառայեն իբրև ընտրական գործիք,
3 Քաղաքապետարանին ենթակա կրթական համակարգին ինքնուրույնություն տալ, ապաքաղաքականացնել այն, կատարելագործել վերահսկման ու հաշվետվական մեխանիզմները,
4 Ինչպես նախատեսված է Երևանի մասին օրենքով, ստեղծել հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայություն (մունիցապալ ոստիկանություն) և կարգ ու կանոն հաստատել մայրաքաղաքում,
5 Ընդլայնել վարչական շրջանի աշխատակազմի լիազորությունները, գործելու իրական դաշտ տալ նրանց,
Սոցիալ-տնտեսական քաղաքականություն
1 Էապես ավելացնել Երևանի բյուջեն, ապահովել թափանցիկություն և հրապարակայնություն բյուջետային գործընթացի բոլոր փուլերում, անցում կատարել ծրագրային բյուջետավորման (ծրագրերի ֆինանսավորում ըստ արդյունքների),
2 Համաքաղաքային նշանակության նպատակային ծրագրերի ֆինանսավորման տարբեր սխեմաների կիրառում’ պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, փոխառությունների ներգրավման և այլ ձևերով,
3 Երևանի բյուջեի ծախսային քաղաքականության մեջ գերակայություն տալ աշխատատեղերի ստեղծմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը, բնակֆոնդի պահպանությանը, քաղաքի սանիտարական, բնապահպանական վիճակի բարելավմանը, տրանսպորտային հիմնախնդրի լուծմանը։
Քաղաքաշինություն, բնապահպանություն, տրանսպորտ
1 Ճարտարապետաշինարարական գործունեության նկատմամբ սահմանել կոշտ վերահսկողություն, վերականգնել մայրաքաղաքի բնապահպանական անվտանգությունը, կանխել պատմամշակութային դիմագծի խաթարումը,
2 Փոքր կենտրոնում արգելել բնակարանային շինարարությունը, դադարեցնել մայրաքաղաքի կառուցապատման լոկալ սկզբունքը, Երևանը մաքրել ապօրինի և ինքնակամ շինություններից, ընդլայնել բակային կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, հաստատել ձեղնահարկերի միասնական նախագծեր,
3 Իրականացնել մայրաքաղաքի բնակֆոնդի ամբողջական անձնագրավորում, բացահայտել և կանխել սեյսմիկ ռիսկերը, սահմանել բնակֆոնդի վերականգնման և պահպանման համալիր ծրագիր,
4 Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումը դարձնել քաղաքապետարանի պարտականությունը, կառավարության հետ մշակել և ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ’ բնակարանային շինարարության ծավալների առնվազն 10 տոկոսը տրամադրելով այդ ֆոնդին,
5 Սահմանել քաղաքաշինական, ազգային ճարտարապետական-մշակութային հատուկ պահպանության գոտիներ, քաղաքաշինական գործունեության ընթացքում ապահովել հասարակայնության իրազեկության և մասնակցության գործուն մեխանիզմներ,
6 Սեփականության ամրագրում այն քաղաքացիներին, որոնց բնակտարածքները հաշվառված են առանց սեփականության իրավունքի:
7 Գործադրել աղբահանության և թափոնների ամենօրյա հավաքման, փողոցների, ստորգետնյա անցումների, բակերի, բնակելի շենքերի սանմաքրման արդիական մեթոդներ, ներդնել աղբի վերամշակման էկոլոգիապես մաքուր համակարգ,
8 Մինչև 2017 թվականը առնվազն կրկնապատկել կանաչ տարածքներն ու ջրային մակերեսները,
9 Դալմայում և Նորքում ստեղծել խոշոր հանգստի գոտիներ (մեկը’ մանկական),
10 Կազմակերպել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման, ջրատնտեսական հաշվեկշռի լարվածության թուլացման, կորուստների կանխարգելման, աղտոտման աղբյուրների (կոյուղաջրեր և այլն) բացահայտման, վերացման և կանխարգելման միջոցառումներ, ամբողջությամբ վերագործարկել Աէրացիայի կայանը,
11 Կանոնակարգել գերեզմանատների և պանթեոնների գործունեությունը, հիմնովին փոխել այդ ոլորտում տիրող խայտառակ վիճակը,
12 Ձևավորել Երևանը օղակող, ինչպես նաև դեպի Զարթնոց օդանավակայան գնացող’ բնակավայրից դուրս նոր ճանապարհային ենթակառուցվածքներ,
13 Կառուցել մետրոպոլիտենի նոր երթուղիներ և կայարաններ,
Առողջապահություն և սոցիալական պաշտպանություն
1 Սոցիալական բնակֆոնդի բաշխման արդյունավետ մեխանիզմների գործադրում, այդ բնակֆոնդից երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին անհատույց (առանց օտարելու կամ ուրիշի օգտագործման տրամադրելու իրավունքի) բնակարանների տրամադրում,
2 Սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցերի խավերի համար’ հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը,
3 Երեխաների ցերեկային խնամք իրականացնող կազմակերպությունների (մանկապարտեզներ, դպրոցական երկարօրյա խմբակներ) կարողությունների հզորացում (ներառյալ’ հատուկ կարիքներով երեխաներին մասնագիտացված ցերեկային խնամք տրամադրելը), մատուցվող ծառայությունների որակի բարձրացում,
4 Տարեցների խնամքի հաստատությունների, տնային պայմաններում խնամքի կազմակերպման համակարգի արդիականացում, ծերապարտեզների ցանցի ձևավորում,
5 Սահմանել լրավճարներ սոցիալապես առավել խոցերի խավերի համար’ հաշվի առնելով բնական գազի, ջրի, էլեկտրական էներգիայի օգտագործման նվազագույն անհրաժեշտ սահմանաչափերը,
6 Տեղաշարժվելու սահմանապակում ունեցող անձանց համար մեկընդմիշտ լիարժեք միջավայր ապահովել,
7 Ֆինանսական աջակցություն տրամադրել հաշմանդամության հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին,
8 Հզորացնել առողջապահական առաջնային պահպանման օղակի կարողությունները և մատուցվող ծառայությունների որակը, գործադրել առողջապահական համակարգի զարգացման համալիր ծրագիր,
Կրթություն և երիտասարդություն
1 Զարգացնել նախադպրոցական կրթական հաստատությունների համակարգը, մեծացնել երեխաների ընդգրկվածության աստիճանը, գործադրել միասնական չափորոշիչներ,
2 Ընդլայնել երեխաների գեղագիտական դաստիարակության կենտրոնների ցանցը, մեծացնել դրանցից օգտվողների թիվը,
3 Մեծացնել կրթօջախների բյուջետային և արտաբյուջետային միջոցներն ու դրանց օգտագործման արդյունավետությունը, զարգացնել ուսուցչական և վարչական անձնակազմի սոցիալական պաշտպանության համակարգը,
4 Ակտիվ քաղաքականություն իրականացնել երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ,
5 Աջակցել տաղանդավոր և շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում