Ուիլյամ Շեքսպիր. «Սոնետ 25»
19/08/2017 14:59
Նմանատիպ
Թող նրանք, ովքեր սիրահարված են աստղերին իրենց,
Փառքով պարծենան և տիտղոսներով իրենց հանրային,
Բայց ճակատագիրն արգելել է ինձ ցնծությունն այդ մեծ,
Անփառության մեջ ես պիտի փնտրեմ բախտն իմ երկրային:
Մեծ իշխանների սիրելիները թավշածաղկի պես
Բացում են իրենց չքնաղ տերևներն այս արևի տակ,
Պատվասիրությունն իրենց սրտերում թաղվում է այսպես,
Եվ խոժոռադեմ հայացքից իսկույն մեռնում են նրանք:
Թե քաջ զորապետն, իր մարտարվեստով հռչակի արժան,
Բազում բանակներ ընկճելուց հետո պարտվի անպատիվ,
Ջնջում են նրա անունը պատվո գրքերից այդժամ
Եվ էլ չեն հիշում նրա մարտական սխրանքներն անթիվ:
Երջանի՜կ եմ ես, որ սիրում եմ և սիրվում անդադար,
Երբ չեմ մոռանում և չեմ մոռացվում սիրելուս համար:
Ուիլյամ ՇԵՔՍՊԻՐ
Հետևեք մեզ նաև Telegram-ում