Երդում և օծում

Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. ««Inauguro» լատիներենից թարգմանաբար նշանակում է «ձեռնադրել», «օծել»: «Ինաուգուրացիայի» ծեսը, հետևաբար, գալիս է թագավորներին օծելու անհրաժեշտությունից: Դրա համար, ի դեպ, պետք են նաև «ավգուրներ» (augures)’ քրմեր, որոնք լիազորված են այդ օծումն իրականացնելու: Երդումն այստեղ առաջնային դեր չէր խաղում, եթե ընդհանրապես առկա էր. գերագույն հոգեևորականը Աստծո անունից տվյալ անձի գլխին դնում է թագը’ երդվելու կարիք առանձնապես չկար: Ընդ որում, դա տեղի է ունենում տարբեր հանգամաններում: Օրինակ’ Բոնապարտը սկզբում պետական հեղաշրջմամբ դարձավ առաջին կոնսուլ, այնուհետև’ 3 տարի անց, ոչ մրցակցային ընտրություններում ընտրվեց ցմահ կոնսուլ [այսպես ասած’ վերարտադրեց իր իշխանությունը]: Բայց դա էլ իրեն քիչ թվաց, ու ևս 2 տարի անց Հռոմի պապ Պիոս 7-րդը կատարեց «ինաուգուրացիա», նրան օծեց կայսր’ թագ դնելով ինչպես Նապոլեոնի, այնպես էր Ժոզեֆինայի գլխին: Թե որքանով լեգիտիմ կայսր էր նա’ հիրավի, Աստված գիտի: Փոխարենը հայտնի է, որ կայսր դառնալուց հետո Բոնապարտն ագրեսիվ պատերազմ սկսեց ամբողջ Եվրոպայի դեմ: «Ինաուգուրացիան», մի խոսքով, բառիս բուն իմաստով երդում, երդմնակալություն չէ: Չնայած ժողովրդավարական [կամ այդպիսի հավակնություններ ունեցող] երկրներում պետության ղեկավարը ստանձնում է իր պաշտոնը երդում տալով: Սովորաբար դա ուղեկցվում է նախկին’ «թագավորական» ձեռնադրումներից եկած որոշակի արխայիկ տարրերով: Հայաստանում, մասնավորապես’ կաթողիկոսով և Աստվածաշնչով: Այնինչ պետք է հաշվի առնել, որ մեր երկրի բնակչության գերիշխող մասը քրիստոնեական որոշակի ծեսեր պահպանող աթեիստներ են: Այդ հանգամանքը, հավանաբար, հաշվի չի առնում Րաֆֆի Հովհաննիսյանը’ չափից դուրս լուրջ ընդունելով նախագահի երդմնակալության այդ արխայիկ տարրերը: Բայց դա պարզապես ծես է, ավանդույթ, որը բովանդակային որևէ նշանակություն չունի. Հարության տոնին հավկիթներ ներկելուց մենք չենք խորանում, թե ինչի համար ենք դա անում: Թե ինչ է նշանակում «նոր Հայաստանի երդմնակալության արարողություն», ես ընդհանրապես չեմ հասկանում: Ով ում է օծում, ով ում է երդում տալիս, և ինչ քաղաքական կամ թեկուզ բարոյական նշանակություն դա կունենա’ չեմ պատկերացնում: Անձամբ ինձ համար նոր Հայաստանը գոյություն ունի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից: Աղքատ երկիր է դա, թե հարուստ, ժողովրդավարական է, թե ավտորիտար, ինչպիսին են Հայաստանի իշխանավորները և քաղաքական գործիչները’ դրանք թեև կարևոր, բայց ինձ համար որոշիչ հարցեր չեն: Փառք և պատիվ մեր հայրենակիցներին, ովեր այս 22 տարում եկել են այստեղ’ մեզ հետ միասին նոր Հայաստանում աշխատելու: Նրանց թվում է, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը: Հաջողություն ցանկանանք նրանց, ովքեր այս ընթացքում Հայաստանից մեկնել են ավելի հարմարավետ տեղեր: Հեռվից հետևք ձեր նախկին հայրենիքի կյանքին: Աշխատեք մեզ խելք չսովորեցնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում