Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ

Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ,
Անցնում եմ իմ տան մոտով,
Մինչ ես ուրիշ տեղերում իսկ
Քե՜զ եմ փնտրում կարոտով:

Ասում են, թե մոռացել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու հեռացել ես,
Մոտս թողել քո հոգին:

Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն
Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին,
Մինչ դողում է, որպես երդում
Անունդ իմ շուրթերին:

Ասում են, թե ինձ դավել ես,
Չեմ հավատում, իմ անգին,
Պարզապես դու խռովել ես,
Ու տանջում ես իմ հոգին:

Անցնում ես դու ու չես նայում,
Մինչ ես կանգնած մոլորուն,
Քեզ աչքերիս մեջ եմ պահում
Ու տանում եմ հետս տուն:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում