«Դիակ» այդուհանդերձ կլինի

«Ազգ»-ը գրում է.«Հրապարակում, ինչպես գիտենք, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ որոշ ժամանակ առաջ հայտարարեց. «Սերժ Սարգսյանը կերդվի միայն իմ դիակի վրայով»… որոշ ժամանակ անց նույն Րաֆֆին, արդեն իր մարզային շրջագայությունների ժամանակ, հայտարարեց, թե «ապրիլի 9-ին Րաֆֆիից որևէ բան չպահանջեք…», նախորդ ուրբաթ օրն էլ Րաֆֆին հայտարարեց, որ ապրիլի 9-ին, ուղիղ 12-ին, հավաքվելու են հրապարակում, երդվելու են, հետո միմյանց շնորհավորելու են, տոնելու են ժողովրդի հաղթանակը, ապա, երեկոյան ժամը 5-ին, «գնալու ենք իշխանությունը վերադարձնելու ժողովրդին»:

Մի տեսակ անհասկանալի է. օրինակ այն, թե ինչպե՞ս կարող է Րաֆֆին «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», եթե նույն այդ ժողովուրդը «ապրիլի 9-ին Րաֆֆիից ոչինչ չպետք է պահանջի»: Կամ, եթե «իշխանությունը դեռ պետք է վերադարձվի ժողովրդին», ապա էլ ի՞նչ ժողովրդի հաղթանակ է տոնելու Րաֆֆին Ազատության հրապարակում, «համազգային երդումից մինչև երեկոյան ժամը 5-ը:

Հրապարակը, կարծես թե, գնում է իր համար վնասակար ուղիով, երբ ամեն հաջորդ խոսք նախորդի տրամաբանական շարունակությունը չէ, երբ հստակ չէ ոչինչ, իսկ ինչն ամենասոսկալին է հրապարակի համարՙ հստակ չէ ոչինչ հրապարակում հավաքվող ու այդ հավաքույթներից լուրջ ակնկալիքներ, սպասումներ ունեցող ժողովրդի համար: Ստացվում է, որ ապրիլի 9-ին գուցե «նորաստեղծ շարժումը մահանա», և մենք ունենանք դիակ, ինչպես և խոստացվել էր, ի դեպ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում