Սերժ Սարգսյանն այսօր կստանձնի նախագահի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր’ ապրիլի 9-ին, կստանձնի երկրի ղեկավարի պաշտոնը: Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կկայանա ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամեգրային համալիրում:

Մինչև հատուկ նիստի սկսվելը ՀՀ նախագահի նստավայրից դահլիճ է բերվում ՀՀ պետական դրոշը, ՀՀ սահմանադրական դատարանից բերվում է Սահմանադրության մայր օրինակը, Մատենդարանից’ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը: Նախագահը ժողովրդին երդում է տալիս’ աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա եւ հնչեցնում հետեւյալ տեքստը. «Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը’ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները’ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը’ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: Այնուհետեւ Նախագահը դիմում է ժողովրդին եւ նախանշում առաջիկա 5 տարիների գործունեության ուղենիշները:

Նախագահի երդման և պաշտոնի ստանձնման արարողությանը կմասնակցեն բազմաթիվ պատվիրակություններ’ աշխարհի տարբեր երկրներից: Արցախի Հանրապետության պատվիրակությունը կգլխավորի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Պատվիրակության կազմում են’ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանը, Առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը, այլք:

Ռուսաստանից ներկա կգտնվեն ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում