Չկա նախկին էնտուզիազմը

«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքականության մեջ մի
քանի նորամուծություններ մտցրեց: Նախ՝ թշնամու հետ բարեկամի լեզվով
շփվելու կուլտուրան ներմուծեց, երբ հակառակորդի հետ քաղաքակիրթ ու սիրալիր խոսքն է կիրառվում, այլ ոչ թե հայհոյանքն ու պարսավանքը, որին մենք սովոր էինք մինչ օրս:Բացի այդ, ընդդիմությունը ցույց տվեց, որ գործող իշխանության հետ զուգահեռ կարող է կառավարություն ձևավորել՝ նախարարներ նշանակել, հրամանագրեր արձակել, ինչպես նաև կազմակերպել երդմնակալության արարողություն: Ճիշտ այնպես, ինչպես պաշտոնապես հաղթած թեկնածուն է պատրաստվում անել: Սակայն որքան էլ «Ժառանգությունը» քաղաքակիրթ պայքար մղի իշխանության դեմ, մեկ է՝ մեզանում բոլորը գիտեն, որ ընդդիմությունն ընդդիմություն չի դառնա, քանի դեռ չի հալածվել, քանի դեռ բանտերով ու ընդհատակով չի անցել: Եվ քանի որ ժպտացող ու քեզ «պարոնով» դիմող ընդդիմությանը դժվար է հալածելը, բանտ նետելը, ուստի՝ ընդդիմությունն ինքն ընտրեց ինքնակտտանքների ճանապարհը: Հացադուլ, ջրադուլ, օրերով հագուստ չփոխել, նորմալ անկողնում չքնել և այլն, իսկ վերջին օրերին էլ ավելի քան 200 կիլոմետր ճանապարհը ոտքով կտրելն ու Ազատության հրապարակ հասնելը՝ ընդդիմության առաջնորդի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սա մի կողմից անհասկանալի է, քանի որ ոչ ոք նրանց ճանապարհը կարծես թե առայժմ չի փակել, և հանգիստ կարելի էր մեքենաներով գալ Երևան: «Ժառանգությունում» դա մեկնաբանում են սիմվոլիկ լինելու տեսանկյունից՝ ուխտագնացության պես մի բան: Հույս ունեին, որ 2 օր ոտքով ճանապարի գնալը ձնագնդիի էֆեկտ կունենա, և Գյումրիից մինչև Երևան այդ զանգվածը կբազմապատկվի, սակայն ժամանակները փոխվել են, մարդիկ՝ ծուլացել: Եվ չկա նախկին էնտուզիազմը»,- գրում է «Հրապարակ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում