Եղբայր եմք մեք

Ի բյուր ձայնից բնության շըքեղ
Թե երգք թռչին սիրողաբար,
Մատունք կուսին ամենագեղ
Թե որ զարնեն փափուկ քընար,
Չունին ձայն մի այնքան սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Տո՛ւր ինձ քու ձեռքդ, եղբա՛յր եմք մեք,
Որ մըրըրկավ էինք զատված.
Բաղդին ամեն ոխ չարանենգ
Ի մի համբույր ցրվին ի բաց.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն.
Քան զանձկալի Եղբայր անուն։

Երբ ալեւոր Մայրն Հայաստան
Տեսնե զորդիս յուր քովե քով,
Սըրտին խորունկ վերքըն դաԺան
Քաղցր արտասված բուԺին ցողով.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ լացինք մենք ի հընում․․․
Եկեք դարձյալ հար անբաԺան
Խառնենք զարտոսր եւ ըզխնդում,
Որ բազմածնունդ ըլլա մեր ջան.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն։

Մեկտեղ հոգնինք, մեկտեղ ցանենք,
Մեկտեղ թափին մեր քրտինքներ,
Ըզհունձ բարյաց յերկինս հանենք,
Որ կյանք առնուն հայոց դաշտեր.
Ընդ աստեղոք ի՜նչ կա սիրուն,
Քան զանձկալի Եղբայր անուն:

Մկրտիչ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

կատարում է Հայրիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում