«Դու մի´ նայիր»
Նմանատիպ
Դու մի´ նայիր,
Որ ես այսպես խե՜ղճ եմ թվում
Եվ մոլորվա՜ծ,
Եվ վշտահա՜ր,
Կախա´րդ եմ ես,
Համելնի հին ավանդության
Հրաշագործ սրնգահար…
Ո՜ւր ուզում ես հիմա ինձ տար,
Օտար երկի´ր, քաղա՜ք օտար՝
Նյու-Եորք լինի,
Բէյրո՜ւթ,
Փարի´զ.
Եւ…ո՜ւմ ուզում ես՝ հմայեմ,
Ո՜ւր ուզենամ՝ ինձ հետ տանեմ,
Կախարդանքով երգ ու բառիս:
Կուզե՞ս կանգնած Բրոդվէյում
Կամ Փարիզի, մեծ Բուլվարում
«Կռո՜ւնկ» ասեմ
Եւ կամ մի պարզ «Նուբա´ր-Նուբա´ր» ,
Եվ այս Մարին, Մարիամ դառնա,
Այս Պիեռը՝ Պողո´ս-Պետրո´ս,
Եվ այս Ժակը՝ Հակոբ աղբա՜ր…
Կուզե՞ս երգեմ «Քելե-քելե» ,
«Ով քնած է— ասեմ— ելե´ք,
Ով արթուն է՝ ելնի՝ տեղից…»
Եվ ինչքան հա´յ կա տարագիր,
Գերված ձայնով պատարագիս,
Հայաստա՜ն գան իմ ետևից…
Եվ եթէ ես,
Կախա՜րդս վես,
Մեկ-մեկ այսպես խե՜ղճ եմ թվում,
Այսպես վշտո՜տ, այսպես երե՜ր,
Նրա´ համար,
Համելնի հին սրնգահա´ր,
Որ մանուկներն էին հնում
Քո ետևից գերված գնում,
Իմ ետևից՝ միայն ծերե՜ր
Միայն ծերե՜ր…
Գևորգ ԷՄԻՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում