Լռությունը ոսկի է

Որ ոսկի՛ է լռությունը,
Այդ վաղուցվա՜ հայտնություն է.
Թեև ես միշտ զարմացե՜լ եմ,
Թեև հաճախ զայրացե՜լ եմ,
Սակայն հիմա հավատո՛ւմ եմ,
Որովհետև… հասկացե՜լ եմ:

Լռությունը ա՛յն ոսկին է,
Այն հանցանքի ծա՜նր գինը,
Որ խոհող մարդն ստանում էր,
Երբ տեսնելով սպանումը,
Երբ տեսնելով կեղծն ու սուտը,
Քծնությունը, դավն ու մութը,
Հուզվո՛ւմ, խոսո՛ւմ, կամ գրո՞ւմ էր._
Ո՛չ,
Տեսնո՛ւմ էր, բայց լռու՜մ էր…
Ամուր սերտած` ո՛չ կռվելու,
Այլ տեսնելո՛ւ և լռելո՛ւ
Ճորտի՜ն վայել հայտնությունը,
Թե… «Ոսկի է լռությունը»:

Գևորգ ԷՄԻՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում