Նախերգանք

Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
ՈՒ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:

Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
Սըրտիս ականջին խոսելով թաքուն:

Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ:

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:

Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:

Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր…

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում