Խրճիթում

Մանուկները գոռում-գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ։
Հիվանդ նանը տեղի տակին
Ծանր տընքաց տըխրալի.
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ,
Ապին գնաց հաց բերի։
-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի, 
Դու ասացիր՝ քարափին
Երբոր զարկի շողքն արեւի,
Հաց կըբերի մեր ապին:
Արեւն եկավ անց էլ կացավ,
Մենք սոված ենք դեռ էսպես.
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ:
-Հաց չի գտել ձեր ապին դեռ,
Տուն չի գալիս սեւերես.
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ,
Հիմի այնտեղ կերթամ ես…
Մի մեծ ապի կա երկնքում,
Նա շատ ունի այնտեղ հաց…
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ…
Նա չի թողնիլ ձեզ սոված…
Կերթամ այնտեղ, նրան կասեմ,
Որ սոված եք, իմ բալեք,
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ,
Որ դուք ուտեք, լաց չըլեք..
Ասավ, սեղմեց սովալըլուկ
Զավակներին իր լանջին,
Ու շըրթունքի վըրա դալուկ
Սառավ համբույրը վերջին:
Կըռներն էլ ետ չըբացվեցան
Բազմաչարչար մայրիկի.
Աչքը փակեց ու հավիտյան
Գընաց, որ հաց ուղարկի:
Մանուկները գոռում, գոչում,
Լալիս էին աղեկեզ.
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում,
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում