Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:Էս մարդ ու կնիկ իրար հավանելիս չեն լինում:
Մարդը կնկան է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:

Կնիկը բարկանում է.

-Ա՛, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել. հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:

-Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:

Կնիկը հանգստանում է, տանում է պահում:

Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.

-Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի:

Տղեն կանգնում է.

-Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա° ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:

-Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:

-Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞… չես ամանչո՞ւմ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում…

-Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում:

-Դե արի տար:

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը ծալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.

-Հա՛, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:

-Ի՞նչ բարեկենդան… ի՞նչ բաներ…

-Ա՛յն էն եղն ու բրինձը… Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ խայտառակ արի, շալակը տվի տարավ:

-Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես – հիմար ես էլի… Ո՞ր կողմը գնաց:

-Այ էն կողմը:

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անու, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:

Գալիս է հասնում իրեն:

-Բարի օր, ախպերացու:

-Աստծու բարին:

-Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:

-Անցկացավ:

-Ի՞նչ ուներ շալակին:

-Եղ ու բրինձ:

-Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:

-Բավականին ժամանակ կլինի:

-Որ ձին քշեմ` կհասնե՞մ:

-Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորսը ոտը կփոխի – մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս – նա երկու ոտով` մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:

-Բա ի՞նչպես անեմ:

-Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:

-Հա՜, էդ լավ ես ասում:

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում