Նախագահ Սարգսյան. Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ և սենատի նախագահ Ամադո Բուդուին, ով բազմաթիվ այլ հյուրերի թվում Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Նախագահը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, իսկ երկու ժողովուրդների միջև մեծ համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի առաջ: Արգենտինան, Սերժ Սարգսյանի խոսքով, միշտ սրտացավորեն է մոտեցել հայ ժողովրդի խնդիրներին: Երկուստեք ընդգծվել է, որ միջազգային հարթակներում երկու երկրների մոտեցումներն ու դիրքորոշումները մի շարք կարևոր հարցերի առնչությամբ համահունչ են, և հայ-արգենտինյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության ու վստահության վրա:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս խորին ցավակցություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին և ժողովրդին’ օրերս երկիրը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Արգենտինային կհաջողվի շուտափույթ կերպով վերացնել ջրհեղեղի հետևանքները, և բարեկամ Արգենտինայի բնակչությունը կվերադառնա իր բնականոն կյանքին:
Բարձր գնահատելով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ներկա մակարդակը’ Արգենտինայի Հանրապետության փոխնախագահ և սենատի նախագահ Ամադո Բուդուն և Նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն ու պատրաստակամություն են հայտնել նոր թափ և որակ հաղորդելու երկկողմ հարաբերություններին, ընդլայնելու համագործակցության եզրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում