Դու քո ճամփեն

Դու քո ճամփեն գնա, քույրիկ,
Եվ թող լինի նա պայծառ:
Ինձ մի ժպտա, ինձ մի սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար։

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։

Մի ձեռք չկա, մի գիրկ չկա`
Պահի նրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գնում է նա
Ձգտումներովն իր անվերջ։

Եվ ով գիտի` դեռևս անմեղ
Քանի հոգի կտանջի,
Եվ ով գիտի` ինչ մութ, ահեղ
Անապատում կհանգչի…

Դու քո ճամփեն գնա, քույրիկ,
Եվ երբ լինենք մենք հեռու,
Աղոթք արա, որ մյուս անգամ
Չհանդիպենք իրարու։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում