Դեպի անհունը
Նմանատիպ
Հընչում է փըրփրուն վըտակն արծաթի,
Արևը խաղում պայծառ կապույտում…
Առանց հոգսերի ու առանց վըշտի
Խաղում էինք մենք էն երազ հովտում,
Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
-Չե´ս կարող, չէ´, չե´ս կարող…
Չէի կարենում բըռնել ես նըրան:
Ճերմակին տալով` ծառերի ետև
Ծածկվում էր նա աչքես անգուման,
Կըրկին հայտնըվում ճապուկ ու թեթև,
Ու թընդում էր միշտ ծիծաղը ծաղրող.
-Չե´ս կարող, չէ´, չե´ս կարող…
Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի,
Բըռնեցի նըրան: Հանկարծ նա ճըչաց,
Ձեռքումըս դառավ ճերմակ աղավնի,
Ու թևին արավ, ու թըռա´վ, գընա´ց.
Գընա՜ց ճախրելով էն երազ հովտում,
Սուզվեց, չըքացավ պայծառ կապույտում…
Վեր թըռա քընից, դուրսը նայեցի.
Արևը ուրախ զարկել էր սարին,
Բնությունն անհոգ, թարմ ու նազելի
Զուգվում էր, ժըպտում մանուկ արևին:
Գիշերն անցել էր.բայց իր ետևից
Մըռայլ էր թողել դեռ ցած հովիտում:
Էդպես տակավին անցած երազից
Խավար մի բան կար նըստած իր սըրտում:
Թեկուզ երազին չես էլ հավատում,
Բայց օտար տեղում, քո տանից հեռու,
Սիրտըդ մի համառ կասկած է մըտնում,
Թե` մի մահագույժ սև բոթ է գալու…
Հասմիկն երազում աղավնի դառավ,
Աղավնի դառավ` իմ ձեռքից թըռավ…
Լոկ երա՞զ էր այս: Բայց երազն ի՞նչ է:
Երազ, թե իրոք- այդ միթե մի՞ն չէ,
Երազն էլ երբ որ կարող է կանչել`
Կարող է հուզել, խընդացնել, տանջել…
Հասմիկն ապրում էր-Հասմիկը մեռավ…
Երազը եկավ-երազը թըռավ…
Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք,
Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք:
Եվ թե հաստատուն մի բան կա անմահ,
Արդյոք իմաստուն հոգին չի՞ միայն նա,
Որ թե հարթըմնի և թե երազում
Ապրում է, տեսնում, ըզգում ու հուզվում…
Ու…գիր է գալիս ահա իմ տանից,
Թե` կինըս հիվանդ-ըսպասում է ինձ…
Տու՜ն, տու՜ն, դեպի տուն
Թըռչում եմ արթուն,
Ինչպես երազում:
Շուրջըս ամեն բան
Ըշտապ ինձ նըման,
Անցնում է, վազում:
Շըշմած գըլխիս մեջ
Գալիս են անվերջ
Ու ճընշում իրար
Զանազան դեպքեր,
Հուշեր ու մըտքեր,
Պայծառ ու խավար…
Տեսնում եմ նըրան`
Կանգնած է գարնան
Շողերի միջին,
Ու ժըպտում է ինձ
Իր պատուհանից`
Ծաղիկը լանջին…
Տեսնում եմ մեռած,
Ծաղկով զարդարած,
Դըրած դագաղում.
Տըխրալի մի օր,
Արտասուք, սըգվոր,
Սևեր ու թաղում…
Տու՜ն, տու՜ն, դեպի տուն.
Ու մյուս իրիկուն
Մեր տան դեմ ելա:
Մի սև-սև զանգված`
Կուտակված, կանգնած
Մեր դըռանն ահա…
Պըտույտ է գալիս
Աշխարքը գըլխիս,
Երկինքը մըթնում…
Ողջ կանգնած են լուռ,
Ու ներսից տըխուր
Ձայներ են թընդում…
«Հասմի´կ ջա՜ն, եկա՜վ… դե վեր կա՜ց… վեր կա՜ց…»
Դուրս հոսեց դեմըս տըրտում ու հոգնած
Նըրա մոր ողբը…խունկի ծըխի տակ
Աչքովըս ընկավ դագաղը ճերմակ,
Ու շուրջըս մըթնեց: Տեղըս կորցըրի…
Մարդից, արևից, աշխարքից հեռի,
Մի անտակ ձորում, սև՜ ու խոր ջըրում
Տարվում էի ես, խեղդվում, չարչարվում.
Բարձր էին ափերն, ողորկ ու դըժար,
Մի թուփ չըկար գեթ բըռնելու համար,
Չըկար կենդանի ձե՜ն, ըստվե՜ր, նըշա՜ն,
Որ կարենայի կանչել օգնության…
Հա´, հա´, հա´, հա´, հա´, զըվարթ քըրքիջով
Մի ծիծաղ անցավ փողոցի միջով:
Ես ուշքի եկա, աչքըս բաց արի,
Տեսա աշխարքը ու լույսն արևի,
Տեսա` նըստոտած մարդիկ շըշընջում,
Անտարբեր` թեքված իրար ականջում
Խոսում են ուրիշ բաների վըրա,
Ու ոմանք ժըպտու՜մ, ժըպտում աշկարա…
Իսկ կողքիս նըստած ալևոր մի մարդ
Խրատում էր ինձ միալար, հանդարտ.
-Մի´ լար, սիրելի´ս, երեխա չես դու,
Ինչքան էլ որ լաս-իզուր ես լալու.
Քո ձենը երբեք էլ չի լըսիլ նա,
Ոչ կհասկանա, ոչ էլ ետ կըգա:
Էսպես կամեցավ Աստված, երևի,
Որ նըրա օրը շուտով խավարի…
Մենք հողեղեններս` անճար ու չընչին,
Ի՜նչ ենք Աստուծո կամքի առաջին…
Բաց է էս ճամփեն ամենքիս համար.
Ծեր, երիտասարդ, մեղավոր, արդար,-
Ամե՜նք, ամենք, էստեղ ինչ որ կան,
Էսօր թե էգուց ամենքը կերթան.
Ով որ կըմընա,
Թող նա պարծենա:
Ես լըսում էի… Ու հանկարծ ես էլ
Ուզեցի հաշտվել հըզոր մահի հետ.
Անճար, ակամա սկսա մըտածել,
Թե մահը լավ է, միայն մենք` տգետ,
Մենք խեղճ, կարճամին, ու չենք հասկանում`
Ինչպես է գալիս և ուր է տանում,
Թե` և´ կյանք , և´ մահ-անցավոր, ունայն
Մի մեծ հավերժի ձևերն են միայն,
Ինչպես որ ահա «երեկն» ու «էսօր»:
Էսօրն ինչ է որ,- մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կըդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
Եվ էսպես անվերջ էսօր ու երեկ
Փոփոխվում են միայն, միշտ մընում է մեկ-
Մեկ մեծ ժամանակ: Էսպես էլ հոգին
Փոփոխվում է միայն կեղևն արտաքին-
Մարմինն` էսօրվան օրին նըմանակ,
Իսկ ինքը անվերջ, ինչպես ժամանակ:
Կամ ևս սիրուն,-հոսանուտ մի գետ,
Որ հազար ալիք ու ծըփկանք ունի.
Գալիս են ալիք, ուր ամեն մի կաթ
Ապրում է դարձյալ անվերջ, անընդհատ…
Էսպես փոխելով հեսում է, գընում,
Գընո՜ւմ անհունի անճառ սահմանում,
Դեպի գերազանց վիճակն երջանիկ,
Ակն երջանկության, սիրո հայրենիք,
Ուր չըկան մարդիկ և ոչ ըզգացում,
Ուր ողջին մի մեծ կյանք է միացնում…
Եվ ի՜նչ է սիրո իմաստը վերին,
Ի՜նչ երջանկության խորհուրդը խորին,-
Հալվե՜լ, միանա՜լ,
Իրեն մոռանալ…
Եվ անշուշտ մի օր, հանդերձյալ կյանքում,
Երկրում թե այլուր, վերև` երկընքում,
Էն անհայտ ճամփով, որով նա գընաց,
Ես էլ կըթըռչեմ, աշխարքը թողած,
Ու կըղգամ նըրան, կապրեմ նըրա հետ
Մի ուրիշ անվե՜րջ կյանքով երկնավետ…
Բայց ես միշտ թաքուն մի հույս ունեի,
Թե կարող էր նա լինել… կենդանի…
Մի տեղ մի անգամ էսպես է եղել.
Տարել են մեկին, ուզել են թաղել,
Շիրմի փոսի մեջ զարթնել է հանկարծ,
Կարող էր և մեզ լինել պատահած…
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում