Ճամփորդները

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:

-Քուչի´ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը:

-Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին:

-Հապա մինչև ե՞ րբ պետք է այսպես մնանք. արի´ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:

Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:

Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՜ւ…

Մի աղվես լսեց աքլորի ձայնը:

-Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց:

-ՎարիԲ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:

-Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը:

-Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը: – Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ի՞նչ լավ էր` պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք:

-Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք:

Ո՞րտեղ է ընկերդ:
-Էն թփի տակին:
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը» մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՞նց փախավ:

-Կա´ց. աղվե´ս ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում