Ի՞նչ էր ուզում անել Րաֆֆի Հովհաննիսյանը

Ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի խոստացած նոր Հայաստանը սկսվե՞ց, թե՞ ավարտվեց, հարցադրում է կատարում «Ժամանակ» թերթը եւ հավելում.

«Երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո շատերն են այս հարցը տալիս Բաղրամյան պողոտայում, ի՞նչ էր ուզում անել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այս ամենը գոնե առայժմ մնացել է անհասկանալի։ Հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե այս հարցերի պատասխաններն առաջիկայում կտա, բայց կտա այնպիսի պատասխաններ, որոնք սպառիչ կլինեն…
Ընդհանրապես, լավ կլիներ, որ տեղի ունեցածը ոչ մի տեղ չշարադրվեր, որովհետեւ այդ ամենը կարելի է հանգիստ դասել Հայաստանի նորանկախ Հանրապետության քաղաքական պատմության ամենաանհեթեթ, խայտառակության եւ զավեշտի խառնածին հանդիսացող վիճակների շարքը։

Բարեբախտաբար, այդ ամենին չավելացավ նաեւ ողբերգականությունը, քանի որ իրավիճակը շատ լարվել էր եւ կայծ էր պակասում կրակ բռնկվելու համար։ Մարտի 1 տեսած հասարակության համար, իհարկե, մեծ մխիթարություն է նոր զոհերի պակասը։

Սակայն, մյուս կողմից, ապրիլի 9-ին, ամենայն հավանականությամբ, եղան քաղաքական զոհեր, մասնավորապես՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի։ Համենայնդեպս, նրա իսկ որոշումների կամ անորոշության արդյունքում ստացված վնասվածքները բավական լուրջ են եւ դժվար է պատկերացնել, թե արդյոք Հովհաննիսյանը կգտնի բավարար ուժեր վերականգնվելու համար…»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում