ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային’ շարքային, պաշտոնյա եւ պատգամավոր: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսկաբեկյանը մեր հարցին՝ ինչո՞ւ չկա պարոն Ծառուկյանը, ասաց’ կգա: Տեղեկացրինք, որ մեկնել է Մոսկվա, չի գա: Զարմացավ:

Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր»: Գուրգեն Արսենյանին՝ կարմիր գորգի վրայով առաջանալիս, հարցրինք. «Եվ դո՞ւ, Բրուտոս, մասնակցո՞ւմ եք»: Ասաց. «Եվ դո՞ւ, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել»:

Կարեւոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լեւոն եւ Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր դռնով եկան, տիկին Ռիտա Սարգսյանը՝ վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնաց «աննկատ»: Մինչ այդ լրագրողներին խնդրել էին բարձրանալ 7-րդ հարկ’ «մոնիտորներով նայելու»:

Գորիկ Հակոբյանը նույնպես շատ վաղ էր եկել ու հեռախոսով անվերջ խոսում էր. «Ալլո, հա, նախագահ ջան, հա»: «Զորավար» Վովա Գասպարյանը չերեւաց, ասացին’ կգա: Ինաուգուրացիայից հետո, ի տարբերություն նախորդ անգամներին, ֆուրշեթ չեղավ. շամպայն ու ՀՀ զինանշանով շոկոլադ էր: Բոլոր հյուրերը, շարք կազմած, մոտենում, շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, իսկ ժամը 2-ին բոլորով գնացին «Փարվանա»’ արդեն «լրջով» նշելու առիթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում