Որոտ թագավորը
Նմանատիպ
Ժամանակով մի թագավոր է լինում, էնքան ուժեղ, էնքան բարձր ձեն է ունենում, որ հազար վերստի վրա լսվում է։ Մեկի հետ հենց էնպես, զրուց անելիս՝ հեռվից կարծում են, թե որոտն է թնդում։ Դրա համար էլ անունը դնում են Որոտ Թագավոր։
Պալատականներն ու նախարարները, որոնք ամեն օր խոսելիս են լինում թագավորի հետ, կարճ ժամանակում ամենքն էլ խլանում են։ Եվ կատարյալ պատիժ ու պատուհաս է դառնում երկրի համար։ Ժողովուրդը ամեն կողմից գալիս է արդարադատություն գտնելու, գալիս են խեղճերը էնքան կանչում, էնքան գոռում, որ ուժից ընկնում են, բայց խուլ պալատականներն ու նախարարները չեն լսում։ Տերության մեջ գործերն առաջ չեն գնում, մարդիկ տրտնջում են, և ոչ ոք չի համարձակվում թագավորին ասի․
— Ձերդ մեծություն, դուք խլացրել եք բոլոր նախարարներին։
Թագավորին թվում էր, թե ինքն էլ էնպես է խոսում, ինչպես մյուսները։ Եվ երբ խլացած նախարարները մինչև անգամ իրեն ձենն էլ չեն լսում, բարկանում է, քացով ու բռունցքով էնպես է դուրս քշում պալատից, որ գլուխկոնծի տալով սանդուղքներից գլորվում են։
Նախարարները քանի որ նոր են լինում, առաջին օրերը գործերը լավ են գնում։ Միայն թագավորը նկատում է, որ իր խոսելու ժամանակ նրանք ձեռքերով իրենց ականջները փակում են։
— Ի՞նչ եք անում,— հարցնում է նեղացած․— ես գզրի պես հո չե՞մ գոռում։
— Օ՜, ո՛չ, ձերդ մեծություն,— պատասխանում են վախեցած նախարարները։— Ականջներիս․․․ ետևն ուռել է։
Եվ բոլոր նոր նախարարների ականջների ետևն ուռած է լինում։ Թագավորն էլ առանձնապես անհանգիստ չի լինում․ գիտենում է, որ էդ սովորական ու անվտանգ հիվանդություն է։ Միայն վերջը հրամայում է, որ ամեն մինը, ով պատրաստվում է նախարար դառնալու, առաջուց իր ականջի ուռուցքը բժշկի։
Խեղճերը բժշկվում են պալատական բժիշկների մոտ, ամեն տեսակ դեղ ու դարման դնում են իրենց առողջ ականջներին ու, նամուսից խեղդված, տանում ամեն ցավ ու տանջանք։
Թագավորն էլ մին-մին գալիս է նրանց տեսության, իբրև հիվանդների, և առողջությունները հարցնելիս կարծելով, որ ականջի ուռուցքից լավ չեն լսիլ, ձենը ավելի է բարձրացնում․
— Հե՜յ, ո՞նց ե՜ք․․․ ո՜նց․․․
Ձենից պատերն ու օճորքը դողում են։
— Լավ ենք, ձերդ մեծություն, շատ լավ ենք։
Թագավորը երևակայում է, որ իր թագավորության մեջ գործերը հիանալի են գնում։ Ոչ ոք նրան չի ներկայանում, ոչ ոք մոտը գանգատի չի գալիս, ամենքն էլ խլանալուց վախենում են և մի կերպ համբերում են։
Բայց մի անգամ մի գյուղացի է գալիս պալատը ու ներկայանում թագավորին։ Թագավորը տեսնում է սրա երկու ականջն էլ խցան է կոխած, զարմանում է․
— Էդ ի՞նչ կնշանակի, ինչո՞ւ ես ականջներդ խցան կոխել,— հարցնում է գյուղացուն։
— Ի՞նչ անեմ, թագավորն ապրած կենա,— պատասխանում է գյուղացին․— դու էնպես բարձր ձեն ունես, որ խոսելիս քո ձենիցը մարդիկ խլանում են։ Ամպի նման որոտում ես, նրա համար էլ անունդ դրել են Որոտ Թագավոր։
Թագավորն սկզբում սաստիկ վրդովվում է։ Հավատալը չի գալիս, թե ինքը կարող էր էդ տեստակ զարհուրելի ձեն ունենալ։ Բայց երբ ամեն բան պարզվում է իր համար ու համոզվում է, բարկանում է իր նախարարների վրա, հրամայում է նրանց ամենքի ձեռն ու ոտն էլ կապոտել ու բանտարկել, իսկ գյուղացուն շինում է իր գլխավոր ու միակ խորհրդատուն։ Միայն իրավունք է տալիս, որ ականջները խցանով փակի։
Դու մի՛ ասիլ՝ թագավորը վաղուց ցանկություն է ունեցել ամուսնանա ու շատ էլ խնամախոսներ է ղրկել էս ու էն թագավորի աղջկանն ուզելու, բայց ամենքն էլ մերժել են։ Հիմի նոր է գլխի ընկնում, թե ի՛նչու են մերժել իրեն, վախեցել են, թե խլանան։
Վճռում է հայտարարի իր տերության մեջ, թե ո՞վ է կարող իրեն բժշկի, և տեղնուտեղը, ինչքան ձենումը ձեն կա, գոռում է․
— Հե՜յ, ո՞վ է կարող ինձ բժշկի․ ով բժշկի, իր քաշովը մին ոսկի կտամ։
Ձենը որոտալով ու դըմդըմբալով գնում է հասնում ամեն կողմի վրա հազար վերստ։ Էս դղրդոցից ամպերը ժաժ են գալի, տակնուվրա են լինում, և երկու շաբաթ շարունակ ամբողջ տերության վրա անձրև է գալի։ Ամենահեռավոր անկյուններում էլ իմանում են թագավորի հայտարարությունը, բայց ամիսներ են անց կենում, ու ոչ մի բժիշկ, ոչ մի հեքիմ չի երևում։
Խեղճ թագավորն սկսում է հուսահատվել․ հենց էդ միջոցին հեռու աշխարհքից հայտնվում է մի կախարդ, ներկայանում է թագավորին, ասում է․
— Թագավորն ապրած կենա, մի կախարդական մազ ունես գլխիդ, էն կախարդական մազն է քո հիվանդության պատճառը։
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։ «Ի՞նչ մեծ բան է, ասում է իր մտքումը, գլուխս վեր կանեմ, պրծանք գնաց։ Էս լավ էր, էս հեքիմին էլ մի բան կտամ կգնա, էլ ինչո՞ւ եմ իրեն քաշովը մին ոսկի տալի․ մի բան որ առաջուց ցավիս գաղտնիքը հայտնեց»։
Հենց էստեղ հեքիմն ավելացնում է․
— Միայն մի պայման կա, որ պետք է իմանաս, թագավոր։ Պետք է միանգամից գտնել ու պոկել էն կախարդված մազը։ Եթե մին սխալվեցիր, նրանից ետև էլ ճար ու հնար չի լինի քո ցավին։ Եվ միակ մարդը, որ կարող է էդ անել, Անլեզու աղջիկն է։
— Իսկ նա ո՞րտեղ է,— հարցնում է թագավորը։
— Նա ապրում է Աճուճ Պաճուճների աշխարհքում։ Նրան ասում են Անլեզու, որովհետև ճշմարիտ էլ լեզու չունի։ Էս օրվան օրից ուղիղ մի տարի, մի ամիս ու մի օր անց՝ դու նրան կտեսնես էստեղ, եթե քո տված խոսքը կատարես, իմ քաշովը մին ոսկի տաս ինձ, քո խորհրդականին էլ, իբրև դեսպան, ինձ հետ միասին ուղարկես Անլեզու աղջկա մոտ։
Թագավորը թեև իր մեջը շատ է ցավում, բայց ի՞նչ աներ, ճար չուներ․ անծանոթ հեքիմին քաշովը մին ոսկի է տալիս ու իր խորհրդականի հետ միասին ճանապարհ է գնում դեպի Աճուճ Պաճուճների երկիրը, Անլեզու աղջկա մոտ։
Էս դեպքից մի քանի ամիս անց է կենում, թագավորը մին էլ տեսնում է իր խորհրդականը ետ եկավ։
— Հապա կախարդ հեքիմն ու Անլեզու աղջիկն ո՞ւր են։
Թե՝ կախարդ հեքիմը ոտով-գլխով անհետացավ, կորավ, իսկ Անլեզու աղջկանից տեղեկություն չունիմ։ Ասում են՝ գնացել է իրեն համար արհեստական լեզու շինել տա, ո՜ւր, ո՜ւմ մոտ կամ քանի ժամանակով, ոչով չգիտի։ Միայն կախարդը անհետանալիս էսպես կանչեց․
— Որոնեցեք, կգտնեք։ Սրա մեջն է թագավորի բախտավորությունը։
— Լա՛վ, մենք էլ կորոնենք,— ասում է թագավորը։
Եվ առանց գործը ետ գցելու դուրս է գալիս իր պալատի պատշգամբն ու նորից բարձր գոռում․
— Հե՜յ, ո՞վ կարա գտնի Անլեզու աղջկանը։ Ով գտնի, իր քաշովը մին ոսկի կտա՜մ։
Կարծես թե, ճիշտ որ, ամպ է որոտում։ Ձենը մինչև որտեղ հասնում է, ամեն տեղ էլ շաբաթներով անձրև է գալիս։
Սրանից ետը էլ մի քանի ամիս անց է կենում, դարձյալ Անլեզու աղջկանից ոչ մի լուր։
Թագավորն սկսում է հուսահատվել։ Եվ փոխանակ լուռ իրեն համար նստելու, ամբողջ օրը ամպի նման որոտում է ու որոտում։ Հպատակների մի մասի ականջները ծանրանում են, մյուս մասը բոլորովին խլանում են։ Եվ որովհետև ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուրուդմփոցներ են պատահում։ Ոստիկանությունը միանգամայն գլուխը կորցնում է, հա՛յ դես է վազում, հա՛յ դեն է վազում։ Եվ որովհետև, թագավորին մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում։
Թագավորը քանի գոռում է՝
— Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք,— Էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում։
Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է․
— Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ։ Ով ձեն ունի, կկտրի, ով չունի, կգտնի։ Ա՛յ ձենի դե՜ղ, ա՛յ լավ ձենի դե՜ղ․․․
Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում Է բռնեն մոտը բերեն էն լրբին։
Երբ բռնում են, ներս են բերում պալատը, բարկացած որոտում է․
— Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև։ Ի՞նչ ձենի դեղ ես ծախում․․․ Ցո՛ւյց տուր հապա, տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը․․․
— Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա։ Համեցեք փորձիր, տե՛ս՝ ճշմարիտ եմ ասում, թե՞ չէ։
Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա։
Թագավորը նայում է սրան, ոտից գլուխ չափում։ Շորերին է նայում, տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են։
— Անունդ ի՞նչ է։
— Անունս Անլեզու է։ Իհարկե, տեսնում ես, թագավո՛ր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ։ Գուցե ավելի պատշաճ էր, որ Երկար լեզվանի կոչեին․ բայց եղածը եղած է․․․ Եվ առանց քաշվելու, ոք ինքը գտնվում է ռչ թե փողոցում, այլ թագավորի պալատում, սկսում է կոկորդովը մին գոռալ․
— Ա՜յ ձենի դե՜ղ, լա՛վ ձենի դե՜ղ․ ով ունի, կկտրի, ով չունի, կգտնի՜․․․
Թագավորի ծիծաղը պրծնում է։
— Հապա,— ասում է,— էդ քո ձենի դեղը բե՛ր, մի փորձեմ տեսնեմ։
Առնում է մինը կուլ տալի, և, ո՛վ զարմանք, ձենի կեսը կորչում է։ Սրանից ետը թե կարող ես, դե բռնի Որոտ թագավորին։ Ոնց որ սոված հավը կուտին վրա ընկնի, վրա է ընկնում էս հաբերին ու կուլ է տալիս իրար ետևից։ Կուլ է տալիս վերջացնում։ Ետ է դառնում, որ մի բան ասի, չորս կողմի կանգնածները ձենը չեն լսում, էնքան կտրած է լինում։ Չեն կարողանում լսել, մինչև ականջները բերնին չեն մոտեցնում։
Թագավորը ուրախությունից հրամայում է, որ իր ամբողջ տերության մեջ տոն կատարեն, խաղեր ու հրավառություններ սարքեն, ուտելիքներ ու գինի, բաժանեն ժողովրդին։
— Իսկ դու ի՞նչ ես ուզում, հրաշալի անծանոթ,— դիմում է թագավորը իրեն բժշկող երիտասարդին։— Ինչ որ ուզես, պետք է ստանաս, թեկուզ թագավորությանս կեսը։
— Ես էն եմ ուզում, որ քո պալատում մի սենյակ տաս ինձ և հաց ու ջուր, որ ապրեմ, ոչով էլ ինձ մոտ չմտնի, նույնիսկ դու, թագավո՛ր։ Ահա իմ բոլոր ուզածը։
— Էդքա՞նը,— զարմանում է թագավորը։— Շատ քիչ է։ Բայց թո՛ղ էդպես լինի, ինչպես ուզում ես։
Սրանից հետո էլ թագավորի ձենը էնքան է նվաղում, որ պալատականները չեն կարողանում լսել, մանավանդ որ խուլ են լինում։ Հետզհետե նրանց ականջներն էլ բժշկվում են, և ամենքն էլ սկսում են խոսել էնպես, ինչպես թագավորն է խոսում՝ հազիվ լսելի շշուկով, և կարճ միջոցում էս տերության մեջ շշուկը դառնում է խոսելու ընդունված ձևը։
Մենակ թագավորի պալատում ապրող անծանոթն էր, որ հեշտ էր լսում թագավորին և մենակ նա էր, որ չէր շշնջում, չէր իջեցնում իր հնչուն ձենը խոսելու ժամանակ, ում հետ էլ լիներ։
Ժողովուրդն սկսում Է հետաքրքրվել, թե արդյոք նրա լեզուն էլ իրենց լեզվի նման լեզու է, թե չէ։ Էս հետաքրքրությունը մեծանում է մանավանդ մի դեպքից հետո, երբ մինը կատակով անծանոթին խնդրում է, թե՝
— Հապա մի քու լեզուն ցո՛ւյց տուր, տեսնենք ընչից է շինած։
Էս ասելն է լինում։ Անծանոթը բարկանում է, լաց է լինում, փախչում է ու մտնում իր սենյակը, փակվում ու հայտնում, թե էլ երբեք դուրս չի գալ, որ մյուս անգամ էլ չասեն, թե՝ լեզուդ ցո՛ւյց տուր։
Էս դեպքի մասին տեղեկացնում են նախարարին։ Նախարարը գնում է անծանոթի մոտ, ասում է․
— Ինչո՞ւ ես բարկանում, ինչո՞ւ ես էդպես անում։ Ուզում են լեզուդ տեսնեն, դու էլ հանիր ցո՛ւյց տուր, ահա էսպես։
Ու լեզուն հանում է։
Անծանոթը ակամայից կրկնում է նույն բանը․ հանկարծ լեզուն բերանից վեր է ընկնում, կտոր-կտոր լինում, ջարդվում, ոնց որ կավից լիներ շինած։
նախարարը զարմանքից միառժամանակ մնում է տեղը քար կտրած։ Ապա ուշքի գալով ձեռքով զարկում է ճակատին ու գլխապատառ վազում է թագավորի մոտ։
— Թագավորն ապրած կենա, բա չե՞ս ասիլ, որ Անլեզու աղջիկը հայտնվել է։ Հենց էսօր լրանում է մի տարին, մի ամիսն ու մի օրը, որ գուշակեց կախարդ հեքիմը, նա հայտնվել է։
Պալատը տակնուվրա է լինում։ Մարդիկ խռնվում են Անլեզու աղջկա սենյակի ղռան առջև, ուզում են անպատճառ ներս մտնեն ու տեսնեն իրենց աչքով։ Զուր է թագավորը կանչում․
— Չի կարելի մտնել նրա մոտ։ Մինչև անգամ ես էլ չեմ կարող, խոսք եմ տվել․․․
Բայց հիմի էլ ո՞վ էր կարողանում լսել թագավորի ձենը։ Տեսնում են՝ ոնց է շրթունքները շարժվում, ձեռին-ոտին անում, իսկ թե ինչ է ասում, չեն իմանում։
Էստեղ հանկարծ դռները բացվում են, ու ամենքը մնում են հիացած։ Սենյակի մեջտեղը, մարգարտակար ու գոհարազարդ զգեստով, ճոխ մազերն արձակ, ոսկու դեզի վրա հանգիստ թինկը տված մի ջահել գեղեցկուհի հովհարը ձեռին իրեն հով է անում։
Ոսկու դեզը նույն մեծության, ինչ որ թագավորը տվել էր կախարդ հեքիմին։
Թագավորն ընկնում է գեղեցկուհու ոտքերը ու գլուխը խոնարհում ծնկներին։ Գեղեցկուհին թագավորի գլխից հանում է կախարդական մազը, որ հանելու պես էրվում է մատների մեջ։
— Շնորհակալ եմ, անուշ աղջիկ։ Շնորհակալ եմ, իմ թագուհի,— կանչում է թագավորը մի էն տեսակ դյուրեկան ձենով, որ մինչև էն օր ոչով չէր լսած կյանքում։
— Ես էլ եմ շնորհակալ, Որոտ Թագավոր, իմ անգի՛ն ամուսին,— պատասխանում է աղջիկը։
Եվ հենց որ թագավորը բժշկվում է, նույն րոպեին ընկնում է և էն կախարդանքը, որ գեղեցիկ աղջկանը զրկել էր լեզվից։ Եվ ամեն բան կատարվում է էնպես, ինչպես գուշակած է լինում Անլեզու աղջկանը արհեստական լեզու տվող կախարդը։
Էստեղ մեջ է մտնում թագավորի խորհրդական երբեմնի գյուղացին։ Ասում է․
— Ահա է՛ս էր ձեր ճակատագիրը։ Դուք պետք է ամուսիններ դառնայիք ու սիրով կապվեիք։
Այժմ ժամանակ է, որ ես հեռանամ․․․
— Չէ՛․․․ ինչո՞ւ․․․ ինչո՞ւ․․․— կանչում է թագավորը։
Բայց չնայելով թագավորի կանչելուն, խորհրդականը դառնում է մի պստլիկ կայտառ թզուկ, թռչում ընկնում է ոսկու դեզի մեջն ու անհետանում։
Բանից դուրս է գալիս, որ նա էլ կախարդների օգնականն է եղել։ Ուրախ ու գոհ Որոտ Թագավորն ու գեղեցիկ աղջիկը մեծ հարսանիք են սարքում, ամուսնանում են իրար հետ։ Թագավորը ներում է իր նախարարներին ու վերադարձնում է իրենց նախկին պաշտոնները։
Ամենքն էլ ուրախանում են, մանավանդ էլ խլանալու վտանգ չկար։ Թեև մարդիկ շշնջում էին․
— Մի՛ վախենաք, նրանք միշտ էլ խուլ կմնան։
Կապրենք, կտեսնենք։
Թարգմանել է Հեվհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում