ԲՀԿ-ի տեսահոլովակում գլխավոր դերում Ծառուկյանն է, իսկ որտե՞ղ է Օսկանյանը

Երևանի Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված է: Յուրաքանչյուր կուսակցություն հանդես է գալիս յուրովի՝ գործի դնելով քարոզի իր մեթոդը: Համացանցում արդեն իսկ ակտիվորեն շրջանառվում են ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի քարոզչական տեսահոլովակները: Սակայն, զարմանալիորեն, ԲՀԿ նախընտրական տեսանյութում բացակայում է տվյալ կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը: Թե ինչով է դա պայմանավորված, «Իրավունքը» փորձել է պարզել ԱԺ ԲՀԿ պատգամավոր, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից:

«Երևի, մեկ տեսահոլովակ եք դիտել, կան տարբեր տեսահոլովակներ: Այն, որ շեշտը դրված է պարոն Ծառուկյանի հանդեպ ժողովրդի վստահության վրա, շատ բնական է, և հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև Գագիկ Ծառուկյանը մեր առաջնորդն է, որի որոշումները, ժողովրդի առջև ստանձնած ու ստանձնելիք պատասխանատվությունը մեզ համար քննարկման ենթակա չեն, և դա շատ բնական է: Իր գործոնը այն առանցքն է, որի շուրջ ձևավորվել է «Բարգավաճ Հայաստան» համակարգը, և հարցը մի փոքր պրովոկացիոն բնույթ ունի: Բայց պետք է նշեմ, որ կան բազմաթիվ տեսահոլովակներ, որտեղ հանդես են գալիս և Վարդան Օսկանյանը, և Գուրգեն Արսենյանը, և այլոք»,-ասել է Ուրիխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում