Լուսավորչի կանթեղը
09/09/2017 17:26
Նմանատիպ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկնքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մթնած երկնքից,
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Լույս է տալիս երկա՜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նրա մեջ:
Ոչ մարդկային ձեռ կհասնի
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սրտերին,
Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-
Նա կտեսնի էն մշտավառ
Ջահը կախված երկնքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հսկում է ցած երկնքից:
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում