Ալիևի արձանը Մեխիկոյի բնակչության պահանջով ապամոնտաժվել է

Մեխիկոյում Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւի արձանը, որը տեղի բնակչության պահանջով ապամոնտաժվել էր հունվարի վերջին, կտեղափոխվի Ադրբեջանի դեսպանատուն:
Մեխիկոյի կենտրոնական այգիներից մեկում Հեյդար Ալիեւի արձանը տեղադրվել է 2012 թ-ի օգոտոսին, որի թույլատվությունը Ադրբեջանը ստացել էր Մեխիկոյում երկու զբոսայգիների վերակառուցումից հետո: Սակայն արձանի տեղադրվելուց հետո տեղի բնակչությունը բողոքի մի քանի ակցիա է անցկացրել եւ պահանջել հանել ազգային հերոսների արձանների կողքին տեղադրված’ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող բռնապետական երկրի բռնապետ նախագահի արձանը: Արդյունքում ստեղծված հատուկ հանձնաժողովը Մեխիկոյի իշխանություններին խորհուրդ է տվել ապամոնտաժել Հեյդար Ալիեւի արձանը’ նշելով, որ իշխանությունները սխալ են գործել: Թեեւ Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխտարովը հայտարարել էր, թե խնդիրը կարգավորելու համար կդիմեն միջազգային կազմակերպություններին, սակայն Մեխիկոյի օրենսդրական մարմինը հատուկ որոշմամբ պարտադրել էր քաղաքի կառավարությանը ապամոնտաժել այդ արձանը: Հունվարին Ալիեւի արձանն ապամոնտաժվել եւ ուղարկվել էր պահեստ: Ինչպես երեւում է’ Մեխիկոյի քաղաքապետարանը որոշել է ընդհանրապես ազատվել Հեյդար Ալիեւից եւ այն ուղարկել ադրբեջանական տարածք’ Ադրբեջանի դեսպանատուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում