Գարեգին II-ը ընդունել է Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահին

Ապրիլի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Շտեֆան Զգոնեային: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին’ նշելով նաև, որ ռումին ժողովրդի խորը հավատքի, մարդասիրական ազնիվ ոգու շնորհիվ է, որ հայ ժողովրդի զավակները Ռումինիայում կարողացել են կերտել իրենց հոգևոր մշակութային արժեքները, նշանակալի ներդրում ունենալ Ռումինիայի կյանքի տարբեր ոլորտներում և որպես եղբայրներ ապրել ռումին ժողովրդի կողքին: Վեհափառ Հայրապետը ընդգծեց նաև, որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած է նաև Եկեղեցին:

Իր հերթին Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորեց երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդումը’ նշելով, որ պատմությունն ու մշակույթն արդեն իսկ մոտեցնում են երկու ժողովուրդներին: Վալերիու Շտեֆան Զգոնեան անդրադարձավ նաև եկեղեցու կարևոր դերակատարությունը ժողովուրդների կյանքում խաղաղության հաստատման գործում:

Հանդիպմանը ներկա էին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիկսոպոս Հակոբյանը և Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում