Մարաղայի կոտորածի փաստերը տարածելու համար իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի

1992թ-ին ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում կոտորած եղավ: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այն մերօրյա Գողգոթա էր: «Սրանով ամեն ինչ արդեն ասված է»,-ասաց նա:

Ալավերդյանը նշեց, որ Հայաստանը, երբ 1991թ-ին դարձավ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի անդամ պետություն, թվաց, թե Հայաստանում խաղաղություն կհաստատվի։

«Բայց մեր բոլոր սպասելիքներն ուղղակի հօդս ցնդեցին: Երբ ապրիլի 10-ին Ստեփանակերտից զանգեցին, մենք չէինք կարողանում հավատալ: Դա կազմակերպված սպանդ էր ընդդեմ խաղաղ բնակիչների: Գյուղում ապրելիս է եղել 5000 մարդ և նրանց հրահանգվել է հեռանալ գյուղից: Նրանք ովքեր չեն կարողացել գնալ, ծայրահեղ անօգնական վիճակում գտնվող մարդիկ են եղել և թաքնվել են թաքստոցներում»,- ասաց նա և ներկայացրեց, որ գյուղում շուրջ 50 մարդ դաժանորեն սպանվել է, իսկ 59-ը՝ գերեվարվել, որոնցից 40-ին հետագայում կարողացել են վերադարձնել:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ գյուղի սպանդն իրականացվել է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից, որը շարունակվել է շուրջ 3 ամիս:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այսօր իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկի տարածելու բոլոր այն նյութերը, ֆիլմերը, որոնք հավաքվել ու նկարահանվել են: Ըստ նրա՝ դրանք անհրաժեշտ է հատկապես թուրքերեն թարգմանել:

«Կոչ եմ անում, որ իշխանությունները զբաղվեն ռեալ աշխատանքով։ Երեկ հանդիպում ենք ունեցել Սլովակիայի փոխվարչապետի հետ, Սումգայիթի Մարաղայի մասին ֆիլմեր եմ տվել, բայց սա կաթիլ էլ չէ։ Տարածման աշխատանքները մշտական բնույթ պետք է կրեն»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում