Իրիկվան ձայներ
Նմանատիպ
Կալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան,
հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն.
անրջածուփ, նըվաղ բույրերն երերուն
վերջալույսին մեջ ոսկեզօծ` կը հևան:
Խըրախտության աղաղակներ հեշտալուր՝
կը պլլըվին այդ ցնծաձայն նըվագին.
ու կանհետին` մեջն այդ ծըփուն հորձանքին`
հեշտերգությանց թույլ ծըվեններ կցկըտուր:
Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիչ,
ու ջութակի սարսուռին գիծը կարմիր…
Արևմարքին ծաղիկն, որ չի թառամիր,
ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ:
Աղմըկահար սույլն ու արշավն հովերուն,
հծծյունները ծաղիկներուն խատուտիկ,
բարդիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,
և համերգը խանդոտ` գետին մոլորուն:
Կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,
ու կը բախղի հոգվույս պորփյուր քարափին,
ու կոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին
երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին:
Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,
ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,
լազվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին
մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն…։
Եվ հոգիներ կիյնան անոնց ծնրադիր,
սիրերգությանց ըմպած հըմայքն հըրեղեն.
պայեր անոնց միստիք ճամփան կը պեղեն.
ու կը ցնծան լույսով` զենիթ ու նատիր:
Ու կը բացվի փալփլուն` գիշերն երջանիկ,
արձագանքներ կը խաղան դեռ հոս ու հոն.
քերթված մըն է ցայգն համորեն, ջինջ գեղոն`
որ կերփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ:
Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ
Հետևեք մեզ նաև Telegram-ում