Նախագահն ընդունել է Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը, ով օտարերկրյա բարձրաստիճան բազմաթիվ այլ հյուրերի թվում Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով:
Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները: Վլադիմիր Անդրեյչենկոն վերստին շնորհավորել և իր ու իր երկրի ղեկավարության անունից հաջողություններ է մաղթել Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածում: Նա ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ և եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին, անձամբ Նախագահ Սերժ Սարգսյանին, ով մեծ դեր ունի ինչպես հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում:
ՀՀ նախագահը և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահը երկկողմ հարաբերություններում մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաև օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
Նկատի առնելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն, զրուցակիցներն ընդգծել են տնտեսական հարաբերությունները երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը և այդ համատեքստում քննարկել փոխշահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում