Մենք կարեւորում ենք փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում. Տարոն Մարգարյան

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ու նրա գլխավորած պատվիրակությանը:

Քաղաքապետարանի պաշտոնական հայտարարության մեջ ասված է.

«Ողջունելով պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին եւ պատվիրակության անդամներին’ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար.

«Համագործակցության համատեքստում մեր առաջին քայլը մտադրությունների հուշագրի ստորագրումն էր: Մենք կարեւորում ենք կոնկրետ ծրագրերի, ինչպես նաեւ փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում: Մենք բաց ենք եւ պատրաստակամ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Բուխարեստի, այլեւ ռումինական այլ քաղաքների հետ եւս», – նշել է Տարոն Մարգարյանը:

Բուխարեստի քաղաքապետն՝ իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջեւ հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. «Ընդամենը մի քանի օր է, ինչ Երեւանում եմ եւ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երեւանի գրավիչ արտաքին տեսքով, զարգացման տեմպերով ու մաքրությամբ: Ինձ առանձնակի հիացրեց բնակիչների դրսեւորած ջերմ վերաբերմունքը Ձեր հանդեպ, ինչի ականատեսը եղա Ձեզ հետ միասին գիշերային Երեւանով շրջելիս: Դա ամենախոսուն վկայությունն է առ այն, որ Երեւանի քաղաքապետն իրոք աշխատում է հանուն իր քաղաքի բնակիչների: Դա ամենաբարձր գնահատականն է, որ կարող է ունենալ պաշտոնյան», – ընդգծել է Սորին Միրչեա Օպրեսկուն:

Հաշվի առնելով, որ մեծ քաղաքների խնդիրները մեծամասամբ նույնական են, Բուխարեստի քաղաքապետը նաեւ համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջեւ գործակցությունը կլինի արդյունավետ եւ զգալիորեն կնպաստի բարեկամ քաղաքների բնակչությանը հուզող խնդիրների արագ կարգավորմանն ու լուծմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է գործընկերոջը, որ Երեւանի քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում բաց եւ պատրաստակամ է օժանդակելու նաեւ ռումինացի գործարարներին՝ Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

Ստորագրված հուշագրով նախատեսված ծրագրերին առավել առարկայական ընթացք տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կմշակի աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում