ԱԳՆ.ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան հունիսին կայցելի Հայաստան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովը ընդգծել է, որ Երևանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ և նշել է, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորել է հունիսին Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում