Խաչվերաց

Խաչվերաց

Խաչի տոնի սահմանումը

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Ապա թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը:

Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի տասներեքին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի տասնչորսին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»: Այս տարի տոնվում է սեպտեմբերի 17-ին:

Խաչվերացի հաստատումը

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումն ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Այդ օրերին Տիրոջ բարկությունը եկավ Երուսաղեմ սուրբ քաղաքի վրա, և Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Դա թվով չորրորդ բարկությունն էր, որ եկավ Երուսաղեմի վրա: Առաջինը Նաբուքոդանոսորի միջոցով էր, երկրորդը՝ Անտիոքոսի (տե՜ս Ա Մակաբ. Ա), երրորդը՝ Վեսպասիանոսի և չորրորդը՝ վերը նշվածը, որն ամենածանրն էր ու ամենաչարը, ըստ Դանիելի տեսիլքի չորրորդ գազանի, որն ուտում էր, մանրում և մնացածն էլ ոտնատակ տալիս (տե՜ս Դան. Է 7):

Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000: Այդ թվում նաև Զաքարիա հայրապետը գերեվարվեց: Ապա պարսիկները մտան սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքը այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան:

Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծու Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՜ս Ա Թագ. Ե):

Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերվում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:

Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց:

Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ: Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է:

Սկզբում Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որը ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել:

Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:

Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ոռեհանվ ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը:

Այսօր ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծու Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտները՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:

Նրա գերահրաշ և սոսկալի փառքից դողալով զարհուրեցին սանդարամետական զորքերի լեգեոնները, քանզի խաչի վրա բազկատարած բևեռված տեսան անմահ ու անժամանակ Աստծու Էակից Որդուն՝ ճշմարիտ մարդեղությամբ: Հրեշտակների սուրբ բանակներն ահով հիացած զարմանում էին, սերովբեները՝ սարսափում, գերագույն պետություններն ու վերին իշխանությունները՝ սքանչանալով զարմանում:

Արեգակը տեսնելով իր Արարչի չարչարանքները՝ մթնեցրեց իր ոսկեճաճանչ ճառագայթները, լուսինը քողի տակ ծածկեց իր տեսքը, և աստղերի հրճվալի բազմությունն անհայտացավ: Կարծր և անտաշ վեմերը ճեղքվելով պատռվեցին, երկիրը դղրդաց, և աշխարհը ողբաց եբրայական ազգի վրա, քանզի աստվածամարտ եղան և չճանաչեցին Իսրայելի փրկությունը:

Իսկ հավատացյալներին խաչով շնորհվեց զվարճատեսիլ տունկ և նշան փրկության, ճյուղ՝ լի բողբոջած ծաղիկներով ու անթառամ տերևներով, ծառ՝ հրաշափառ տեսքով և տունկ պարգևաբաշխ: Արմատ, որով Աստվածային սիրո շնորհն աշխարհում տարածվելով աղբյուրացավ: Ճյուղ երևաց Երուսաղեմում, որը խաչի վրա պատարագվեց, և մարդկային քաղցած ցեղին հագեցրեց երկնքից իջած Հացով: Փրկության նշան երևաց, որը նախաստեղծներին պճնելով զարդարեց:

Ծառ երևաց, որ փարթամացրեց մարդկային տնանկ ցեղը: Կենագործող շառավիղ երևաց, քանզի խաչի միջոցով Աստծու Իմաստության ծածկված գանձը տրվեց մարդկային ցեղին: Խաչը չորս տեսակի ծառերից կազմվեց, ինչպես ասում է Եսային. «Լիբանանի փառքը դեպի Քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն Իմ սրբարանի տեղը, և Ես փառավորեմ Իմ ոտքերի տեղը» (Եսայի Կ 13):

Խաչը երկնքից իջած անմահացնող Հացի անպարտանն է: ելի սեղԽաչը Աստվածության անտանելի հուրն իր վրա կրելով, բացեց Դրախտի սերովբեափակ դուռը: Խաչը Եկեղեցու հիմքում հավատի վեմն է և տիեզերքի ամրության պարիսպը, որը քանդեց կուռքերի պաշտամունքը: Խաչին կաշկանդվելով կապվեց բանսարկուն, և ազատվեցին նրա կողմից բռնվածները: Խաչն է մեր պահապանը գիշեր ու ցերեկ և պահապանը՝ ողջերի և մեռելների:

Խաչը մեզ շնորհված չբթացող զենք է՝ սրված Տիրոջ անապական Արյամբ, քանզի խաչն է հույսը և ապավենը մարդկային ցեղի, որով վերցվեց դատապարտության կնիքը, և որի մասին Դավիթն ասաց. «Երկյուղածներիդ նշան Դու տվիր, որ փրկություն գտնեն աղեղից» (Սաղմ. ԾԹ 6): Ասաց նաև. «Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին, ցորենի, գինու, ձեթի բարիքով հագեցրիր նրանց» (Սաղմ. Դ 7-8), «Ինձ բարության նշա՜ն ցույց տուր. թող ատելիներն իմ տեսնեն ու ամոթահար լինեն, որ Դու, Տե՜ր, օգնեցիր ու մխիթարեցիր ինձ» (Սաղմ. ՁԵ 17):

Խաչը հրեաների համար գայթակղություն է և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ իրեն երկրպագողների համար՝ պարծանք: Եվ երևալու է արփիահրաշ ճառագայթներով՝ արևելյան կողմից, երկնքի ամպերի հետ՝ հաղթելով արեգակի ճառագայթները, անհավատներին գցելու է անշեջ հնոցը, իսկ իրեն երկրպագողներին վեր բարձրացնելով՝ տանելու է Վերին Երուսաղեմ:

Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզությունը և հայրապետների դավանությունը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը: Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը: Խաչը կույսերի սրբությունն է և ամուսնացածների ողջախոհությունը:

Խաչն այրերի շնորհն է և կանանց բարեզարդությունը: Խաչը ծերերի ամրության ցուպն է և երիտասարդների իմաստության գավազանը: Խաչը Կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը: Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը: Խաչն երկնավորների ցնծությունն է և երկրավորների զվարճությունը: Խաչը սանդարամետականների սարսափն է և երկրայիններին սաստողը:

Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը: Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր: Խաչը դժոխքի ավերողն է և գերյալներին ազատողը: Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը: Խաչը Դրախտի բացողն է և արքայությունն որպես ժառանգություն տվողը: Խաչը Քրիստոսի կարապետն է և հարության հրավերը: Խաչն անհավատների կուրությունն է, հավատացյալների զորությունը, և իրեն երկրպագողներին պայծառացնելով՝ կանգնեցնում է մեր Քրիստոս Աստծու աջ կողմում:

Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը՝ Դրախտի դուռն է բացում, աջ թևը՝ մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:

Մարգարեները խաչը «հեռվից» քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:

Նախաստեղծն իր ձեռքը Գիտության ծառին ձգելով՝ մեզ համար մահ քաղեց, իսկ անճառելի Բանն Աստված Իր աշխարհակեցուցիչ բազուկները տարածելով խաչի վրա՝ վերստին զգեստավորեց մերկացած մարդկային ցեղը՝ ըստ այս խոսքի. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» զարդափայլ անկողոպտելի պատմուճանով (Գաղատ. Գ 27):

Ադամը ճաշակելով Գիտության ծառից՝ հեռացավ Դրախտից, և սերովբեն փակեց տենչալի Կենաց ծառի ճանապարհը, իսկ հավատացյալները, ովքեր ճաշակում են խաչի վրա պատարագված Կենաց Պտղից, առանց երկյուղի մոտենում են ու հպվում տենչալի Կենաց ծառին:

Մովսեսի գավազանը խաչի օրինակով բաժանեց Կարմիր ծովը, ճանապարհ բացեց եբրայեցիների բանակի համար և խրոխտացած փարավոնին իր կառքերով ու զորքերով ջրասույզ արեց: Իսկ խաչը Հորդանանում բացեց Մկրտության ավազանը, փոխադրեց հավատացյալներին Վերին Երուսաղեմ, անմարմին փարավոնի՝ կամակոր վիշապի գլուխը ջախջախելով փշրեց իր լեգեոնով հանդերձ և տարտարոսում խորտակեց:

Խաչի օրինակն էր նաև Մեռայում դառնահամ ջրի աղբյուրի մեջ գցած Մովսեսի փայտը, որից ջուրը քաղցրահամ դարձավ (տե՜ս Ելք ԺԵ 25): Իսկ խաչից բխած կողահոս ջրով մաքրվեցին բոլոր ջրերը, բացվեց արգանդը մկրտության սուրբ Ավազանի, և քաղցրացավ անիծված ծառի դառնությունը:

Խաչի օրինակն էր այն գավազանը, որով Մովսեսը հարվածեց ապառաժին և ջուր հոսեցրեց Իսրայելի որդիների համար: Իսկ խաչից բխած կողահոս աղբյուրից ամբողջ տիեզերքը խմեց, ինչի մասին Պողոս առաքյալն ասում է. «Խմում էին հոգևոր այն Վեմից, որ գնում էր նրանց հետ, և այն վեմն Ինքը՝ Քրիստոս էր» (Ա Կորնթ. Ժ 4):

Ամաղեկի դեմ պատերազմելիս Մովսեսը լեռան վրա ձեռքերը վեր բարձրացնելով խաչի կերպարանքն ընդունեց, որը եղավ պահապան ու ապավեն Իսրայելի բանակին և որով կործանեցին հակառակորդին (տե՜ս Ելք ԺԷ 11): Իսկ Աստծու անսկիզբ Խոսքն Իր ճշմարիտ մարդեղությամբ, Գողգոթայի սուրբ գագաթին Իր անարատ և աշխարհակեցուցիչ բազուկները տարածելով, պատժեց անմարմին Ամաղեկին և ամբողջ տիեզերքը կանչեց փրկության:

Սկզբնաղբյուր qahana.am

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում