Առնչություն
Նմանատիպ
Այսօր կաթվարդ երազե մը արթնցա,
Գիրկս անսահման գրգանքներու է բացվեր.
Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա`
Նոր տարփանքիս թիթեռնիկին հիր թևեր:
Այսօր իղձով իմ հոգիս է կաթոգներ.
Ու վարդի պես կը բացվի սիրտս իբր ընծա
Այն լուսոռոգ պատարագին սրբանվեր`
Զոր ծափեցին իմ երազներըս ծնծղա:
Երեկ գիշեր իմ հոգիս էր ինկած, ա՜,
Թավիշին մեջ կախօրրանին ոսկելույս`
Զոր ճոճեցին մինչև առտու, մինչև Հո՜ւյս,
Ըղձանույշներն իմ Տենչանքիս նախընծա:
Այսօր լույսի ծովի մը մեջ արթնցա,
Գիրկս անհամար գրգանքներու է բացվեր.
Այսօր, Հոգի՜ս, պիտի բերեն քեզ ընծա`
Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովեր:
Մանուկ բույրեր ու աղջըկան պես հովե՜ր`
Որոնց շուրթերն էին փնտռեր` ընդերկար,
Ու գրկանքին խանդաղատ գիրկս էր բացվեր.
Երանությո՜ւն, լույս րոպեին մեջ երկա՜ր…
Եկո՜ւր անցնինք ծառաստանեն այս Լույսին
Ու բացատքեն Գույնին, Ձևին ու Բույրին.
Եկո՜ւր, Հոգի՜ս, եկուր երթա՛նք միասին,
Մինչ եդեմն աստվածաձայն, մինչև Կի՜ն…
Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ
Հետևեք մեզ նաև Telegram-ում