Շուշան Պետրոսյանը վատ վիճակի մեջ է դրել մարդու իրավունքների պաշտպանին

Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մատնանշել է իրենց իսկ բացթողումները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2012 թվականի զեկույցում:

«Կիրառությունից վերացել է արվեստանոց բառը: Արվեստանոցները կցվել են հասարակական նշանակության տարածքներին և հավասարապես հարկվում են կազինոների և խանութների չափով’ գումարած կոմունալ ծախսերը: Խոսքը վերաբերում է նկարիչներին, որոնք գտնվում են ծանր պայմաններում: Ով հնարավորություն ունի, սեփականաշնորհում է տարածքը և բնակարանների հարկերի չափով վճարումներ անում»,- զեկույցի քննարկման ժամանակ խնդիրը բարձրացրեց Շուշան Պետրոսյանը’ ընդգծելով, որ Հայաստանը միակ երկրին է, որ նման վերաբերմունք ունի կերպարվեստի և նկարիչների նկատմամբ:

Պատգամավորը նշեց նաև,որ երգարվեստում նույն անմխիթար վիճակն է. օրենքով պարտադրվել է կենդանի հնչողությամբ համերգ տալ, ճիշտ է պաշտպանվել է հանդիսատեսի իրավունքը, սակայն խախտվել են կատարողների իրավունքները: «Դուք գիտե՞ք, որ հնագույն’ Տրոցկու ժամանակների միկրոֆոններով ենք ելույթներ ունենում: Ես այս հարցը բարձրացնում եմ առանց վախի, որովհետև կենդանի երգողներից եմ, բայց սա շատ կարևոր վերաբերմունք է արտիստների նկատմամբ և ոտնահարում է մեր իրավունքները», -դիմելով պաշտպանին’ հայտարարեց երգչուհի պատգամավորը:

Մեկ այլ կարևոր խնդիրը, որ բարձրացրեց պատգամավորը, վերաբերում էր Քարվաճառի 3840 մ բարձրության վրա գտնվող դիրքերին ու դրանք պահող զինվորներին: Պատգամավորը նշեց, որ երբ ձմեռ է լինում մինչև դիրքեր ճանապարհներն անանցանելի են դառնում, իսկ տղաները 60 կգ ծանրության բեռը կրելով, բարձրացնում են վերև:

«Զինվորական ծառայությունից արձակված անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության տեսանկյունից ի՞նչ կարծիքի եք, հնարավո՞ր է Քարվաճառում երկամյա ծառայությունից հետո զինվորներին ապահովել գոնե մեկամսյա անվճար բուժօգնությամբ, որովհետև երիկամների, հիպերտոնիայի և ողնաշարի հետևանքներ են ունենում»,- օմբուդսմանին հարցրեց Շուշան Պետրոսյանը:

Շուշան Պետրոսյանի այս զեկույցը լսելիս Կարեն Անդրեասյանը իսկապես վատ զգաց ու ասաց, որ ինքն անհարմար դրության մեջ է հայտնվել, քանի որ երբևէ չի մտածել անդրադառնալ այդ հարցերին:

«Ինձ համար քննադատությունը ցավոտ է այն առումով, որ մենք չենք պատկերացրել այդ ոլորտը: Ձեր բարձրացրած երեք խնդիրներն էլ նոր էին մեզ համար: Ես պետք է կարողանայի այնպես անել, որ միայն ես կարողանայի տեղեկություն տալ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներով: Բայց հիմա այնպես է ստացվում, որ ես եմ ձեզնից ծանոթանում որոշակի խնդիրների մասին»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը և վստահեց, որ դրանք բոլորը կքննարկվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում