Կյանքի երգը
Նմանատիպ
Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին
Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին.
“Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին,
Ունայնություն մը կը պրկե կյանքը սին:
Ամեն ծաղիկ խամրում մունի իրեն մոտ.
Ու ամեն կյանք` մութ ստվեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ
Ամեն հույսեր դեռ չըծլած կանհետին”:
Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի
Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով,
Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի,
Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով:
“Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,– ըսավ,–
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ`
Զինք մոռցնող ժպիտները լուսացան:
Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին
Մերթ ամպերու գորշությունով կաղարտի,
Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին,
Անձրևն,– այդ լաց,– սակայն երգն է ավարտի:
Ամեն անձրև արև մունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ հաջորդե ժպիտներուն երբեմնի”:
1903, հունվար
Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ
Հետևեք մեզ նաև Telegram-ում