Դեղին վարդեր

Դեղին վարդեր

Փթթեցե´ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մաղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:

Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:

Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
– Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր…

– Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:

1902, մայիս

Միսաք ՄԵԾԱՐԵՆՑ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում